Լրահոս

Նադալ. 1.5 ամիս չեմ դիպել թենիսի ռակետի

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Արդեն 1.5 ամիս չեմ դիպել թենիսի ռակետի, և դա շատ վնասակար է ինձ համար: Դա վատ է ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի համար, և երբ ես սկսեմ խաղալ, ձեռքս կսկսի ցավել տարբեր հատվածներում: Այս պայմաններում վնասվածք ստանալու ռիսկը շատ մեծ է: Եթե ես կարողանայի մարզվել օրական կես ժամ, խաղալ թենիս, ապա կունենայի մարզավիճակս չկորցնելու հնարավորություն»,- 33-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և տեղեկացրել, որ պանդեմիայի պատճառով մինչև հուլիսի 13-ը դադարեցնում են բոլոր մրցաշարերը։




Լուրեր թեմայից