Լրահոս

Գարի Չիվիչյանը պայմանագիր է կնքել NBA-ի հայ գործակալի հետ

Ուսանողական մարզաձևերի ազգային ասոցիացիայում (NCAA) հանդես եկող «Պասիֆիք Թայգերսի» ամերիկահայ բասկետբոլիստ Գարի Չիվիչյանը պայմանագիր է կնքել NBA-ի անվանի գործակալ Արա Վարդանյանի հետ, հաղորդում է USA Today-ը։

««Հայ դիպուկահար» մականունով 23-ամյա բասկետբոլիստը հայտնի է իր երեք միավորանոց նետումներով։ Բասկետբոլի ծագող աստղը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող գործակալ Արա Վարդանյանի հետ, ինչը նոր դռներ կբացի նրա առջև։ Որպես NBA-ի գործակալ՝ Վարդանյանն աշխատել է բասկետբոլային մի շարք աստղերի հետ, այդ թվում՝ Պոլ Միլսափի»,- գրում է ամերիկյան պարբերականը։

Նշվում է, որ հայ մարզիկի ու հայ գործակալի համագործակցությունն աննախադեպ է և կարող է մեծ ապագա ունենալ։ Կողմերը պայմանագիր են կնքել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Ավելի վաղ Չիվիչյանը հայտարարել էր, որ ցանկանում է դառնալ առաջին հայ բասկետբոլիստը, որը կհայտնվի NBA-ում։

Հիշեցնենք, որ Գարի Չիվիչյանը նախորդ տարի էր «Այդահո Սթեյտից» տեղափոխվել «Պասիֆիք Թայգերս»: NCAA-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, իսկ միջին արդյունավետությունը կազմել է 7,91 միավոր:




Լուրեր թեմայից