Լրահոս

Հովհաննես Բաչկով. Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունն օրգանիզմումս

Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը, որը վերջերս էր բուժվել կորոնավիրուսից, սոցցանցերում պատմել է իր առողջական վիճակի մասին։ 27-ամյա բռնցքամարտիկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել Հայաստանի հավաքականի կազմում Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից վերադառնալուց հետո։

«Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունը օրգանիզմումս, որն էլ կապում էի մրսածության հետ։ Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։

Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ՝ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։ Չէի վարակել նաև նրանց, ում հետ շփվել էի Լոնդոնում։ Չվարակելու փաստը ինձ զարմացրեց։

Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում, անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս։
Իմ սիրելի հայրենակիցներին հորդորում եմ մնալ տանը, խուճապի չմատնվել, սթափ լինել և լավ սնվել։ Ինչ էլ լինի՝ Держите удар»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բաչկովը։

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Լոնդոնում անցկացված Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին մասնակցած հայ բռնցքամարտիկներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 

Հիշեցնենք, որ լոնդոնյան մրցաշարը մեկնարկել էր մարտի 14-ին, սակայն 3 օր անց դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 բռնցքամարտիկով: Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հաղթանակով էր մեկնարկել և, դուրս գալով քառորդ եզրափակիչ, նվաճել էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

 

 




Լուրեր թեմայից