Լրահոս

Թենիսը ղեկավարող կազմակերպություններն օգնության ծրագիր են մշակում պանդեմիայից տուժած խաղացողների համար

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF), Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP), Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների ասոցիացիան (WTA), ինչպես նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կազմակերպիչները քննարկում են նախագիծ, որով հնարավորություն կունենան օգնել կորոնավիրուսի պանդեմիայից տուժած խաղացողներին, հայտնում է itftennis.com-ը։

«Քննարկումներն արդյունավետ են ընթանում։ Ծրագիրը պատրաստ կլինի մոտ ապագայում։ Հասկանում ենք, որ խաղացողները և թենիսի ոլորտի շատ մարդիկ պանդեմիայի պատճառով կորցրել են եկամտի աղբյուրն ու օգնության կարիք ունեն։ Մենք անհամբերությամբ սպասում ենք աջակցության ծրագրի վերջնական տարբերակին, որպեսզի կարողանանք օգնել նրանց»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիան (LTA) ներկայացրել էր ֆինանսական օգնության ծրագիր, որով կաջակցի թենիսի ոլորտում ամենաշատը տուժած մարդկանց։

Փաթեթը ներառում է 20 միլիոն ֆունտ սթերլինգ։ Ֆինանսական օգնությունը տրամադրվելու է առաջին հերթին այն մարդկանց, որոնք պանդեմիայի պատճառով զրկվել են եկամուտների մեծ մասից (Oրինակ՝ թենիսի ակումբների աշխատակիցները)։ Աջակցություն կստանան նաև պրոֆեսիոնալ թենիսիստներն ու մարզիչները։

Բացի այդ, այն թենիսիստները, որոնք վարկանիշ չունեն և ֆինանսապես կախված են մրցանակային մրցաշարերից, կստանան հատուկ գրանտներ։




Լուրեր թեմայից