Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Աբրահամ Խաշմանյան

TopSports.am-ի նոր շարքը շարունակում է ներկայացնել նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի վերջին՝ 7-րդ հերոսն Աբրահամ Խաշմանյանն, որն ընդամենը 2 խաղ անցկացրեց ազգային թիմի ղեկին:

Նշանակում #7. Աբրահամ Խաշմանյան

Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերից առաջ մնացել էր առանց մարզիչի: Պաշտոնավարման վերջին հատվածում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը փորձեց իր ձեռքը վերցնել մարզչական հարցերը, որը բավականին անհաջող էր և առաջացրեց լուրջ խնդիրներ: Սկզբում նա Գյուլբուդաղյանցին հրաժեշտ տալու որոշում ընդունեց, որից հետո շրջանառվեց Ալեքսանդր Գրիգորյանին նշանակելու լուրը, ինչը, սակայն, մեծ արագությամբ վերափոխվեց Աբրահամ Խաշմանյանին հավաքականը վստահելու պաշտոնական լուրով: Շարունակությունն ապահովվեց Արթուր Վանեցյանի կողմից ինքնագործունեությամբ զբաղվելու հայտարարությամբ, ըստ որի՝ նա չէր կարող առանց գործկոմի հաստատման մարզիչ նշանակել: Կանոնադրության պահանջը պահպանելու համար գործկոմը հրավիրեց արտահերթ նիստ, որի արդյունքում Խաշմանյանի թեկնածությանը տրվեց միաձայն հավանություն: Մարզիչի հետ կնքվեց մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկով ավելացնելու հնարավորությամբ: Մարզիչի համար սա սպասված իրադարձություն էր, որը վաղուց իբրև երազանք ապրում էր նրա սրտում: Այդ երազանքը, սակայն, վերածվելու էր երկխաղանոց մղձավանջի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս:

l-aUSMaO7Dhs.jpg (194 KB)

Կարճատև պաշտոնավարումը սկսվեց և ավարտվեց պարտություններով, իսկ Իտալիայից կրած խոշորագույն ջախջախումը էմոցիոնալ պայթյուն առաջացրեց: Այստեղ, սակայն, խնդիրները բազմաշերտ էին ու ներառում էին տարբեր հանգամանքներ: Նշանակման պահից Խաշմանյանը մոտ մեկ շաբաթ ուներ հավաքականին ծանոթանալու ու պատրաստելու համար: Չնայած հաշված օրերին՝ նա խաղերին մոտեցավ խաղային իր փիլիոսոփայությամբ և իրեն հարազատ 5 պաշտպանով մարտավարութամբ: Այդ որոշումը ստացավ քննադատության իր բաժինը և նույնիսկ արժանացավ ֆուտբոլիստների խուլ դիմադրությանը: Մի կողմի տեսակետն էր, որ ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն տարբեր մարտավարություններով խաղալուն, մյուս կողմից լսվում էր մարտավարության կտրուկ փոփոխության անսովորության մասին:

Թեպետ փոփոխությունները ռիսկային էին ու պատասխանատու, բայց նաև խոսում էին Խաշմանյանի ազնիվ մղումների մասին: Առանձնապես պատասխանատվության տակ չընկնելու համար մարզիչի թերևս լավագույն տարբերակը կլիներ նույն կերպ շարունակելը, իրեն դուրս թողնելը հավաքականի խնդիրներից, որոնց հետ նա առնչություն չուներ: Ինքնահոսի թողնելով կամ ավանդույթը չխախտելով՝ Խաշմանյանը հազիվ թե որևէ արդյունքի պայմաններում այդչափ ասոցացվեր տեղի ունեցածի հետ կամ կառնչվեր չնչին տոկոսով: Այդուհանդերձ, մարզիչը գնաց ռիսկային քայլի՝ իրավիճակից թիմին լավագույնս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու ցանկությամբ: Իհարկե, հավաքականի համար 5 պաշտպանով խաղը բնավ նորույթ չէր: Դեռ տարիներ առաջ Բեռնար Շալանդը, բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով, լուծումը տեսավ պաշտպանների քանակի ավելացման մեջ, որը տալիս էր իր արդյունքը: Համենայնդեպս, պաշտոնական խաղերում մեկ-երկու գոլերից ավելի հավաքականը բաց չէր թողնում, ի տարբերություն հաջորդ շրջաններին: Այդպես Խաշմանյանի նշանակումից ընդամենը մեկ ամիս առաջ հավաքականը Ֆինլանդիայից վերադառնում էր երեք անպատասխան գոլերով, իսկ Լիխտենշտեյնից՝ մեկ միավորով: Ի վերջո, հավաքականը մրցափուլին հրաժեշտ տվեց բաց թողած 9 գոլերով: Այդժամ մոռացվեցին պաշտպանական օղակի անհատական սխալները, կադրային խնդիրները և առաջատարների բացակայությունը, նախորդող պարտությունները, կառավարման համակարգում առկա պառակտված անհասկանալի իրավիճակը և այլ գործոնները: Քաոտիկ ու գերէմոցիոնալ շրջանում տիրում էր մեղավորների փնտրտուք, այդ թվում՝ ենթադրյալ մեղավորների կողմից մեղավորներ նշանակելով:

321.jpg (432 KB)

Թեժացման առիթ դարձավ նաև Պալերմոյում կայացած հետխաղյա ասուլիսը: Նշանակվելուց ի վեր Խաշմանյանը փորձում էր կշռադատել յուրաքանչյուր խոսք, զուգահեռաբար իրեն բնորոշ, ոչ այդքան ականջահաճո կարծիքներ հնչեցնել, իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես կա: Այդուհանդերձ, ասուլիսում հնչած նրա ոչ հաջող ձևակերպումները քննադատության, իսկ առավելապես շահարկման առիթ դարձան: Դա հիմնականում գալիս էր ներկա ու նախկին ֆուտբոլիստներից, որոնցից շատերը թեև խաղի մասնակից չէին, բայց իրենց պարտքը համարեցին հայրենասիրական խրատական ճառերով հանդես գալ: Միանգամայն պատկերացնելի է, թե ինչպիսի զրույցներ ու մթնոլորտ էր տիրում թիմում, երբ նույնիսկ հրապարակային հայտարարություններն էին կոշտերի շարքից: Հավաքականի նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ևս չէր խուսափել նմանատիպ իրավիճակից, երբ ասուլիսներից մեկում արտահայտած ոչ այդքան ճշգրիտ հիմնավորումներին հետևեց ֆուտբոլիստի հրապարակային հակադարձում: Չնայած դա բացառությունների շարքից էր, այդուհանդերձ, դրությունը հաճելիներից չէր: Հատկանշական է, որ նախկինում ֆուտբոլիստները հաճախ էին ստիպված անցնել տարբեր ծանրության մեղադրանքների միջով, որից հետո, սակայն, գլխավորապես լռություն էր տիրում: Բնականաբար, դա ամենևին լավ օրից չէր, սակայն ընձեռված խոսքի ազատության նպատակային օգտագործելու հիմնահարցը մնում է արդիական:

Ի սկզբանե հարթ չէին Խաշմանյանի հարաբերությունները տարբեր ֆուտբոլիստների հետ, որից բացի կար հավաքականին սեղմ ժամկետներում մերվելու և տեսլականը արմատավորելու խնդիրը: Իհարկե, դժվարպատկերացնելի էր, որ պաշտպանության դասավորությունը մեծ տարբերություն կապահովեր և իտալացիներից նույն ջախջախումը տեղի չէր ունենա: Այդուհանդերձ, պաշտպանությունում տիրող խառնաշփոթը նկատելի էր, իսկ իտալական մեքենան դա տեսնում ու կատարյալ օգտագործում էր բոլոր բացերը: Նկատելի էր նաև Խաշմանյանի հակասությունը սեփական մոտեցումների հանդեպ: Զորօրինակ տարբերակ կար մրցափուլի ավանդական, բայց անկայուն խաղով դարպասապահին փոխարինել իրեն լավ ծանոթ ու տևական ընդմիջումից հետո հրավիրված Գևորգ Կասպարովով, բայց, ի տարբերություն խաղային դասավորությանը, մարզիչը չխախտեց ավանդույթը:

l-BjTauSIOAT.jpg (114 KB)

Մրցափուլի արդյունքում՝ կիսելով պատասխանատվությունը գործկոմը ամբողջական կազմով հրաժարական տվեց, ինչը պահանջվում էր նաև ՀՖՖ նախագահից: Շուրջ երկու ամիս առաջ Արթուր Վանեցյանը ցուցադրական ինքնավստահությամբ բացառում էր իր հրաժարականը: Հաշվի առնելով իր հետ կապված շրջադարձերը՝ հայտնի չէ, թե ինչով էր ամրապնդված այդ ինքնավստահությունը: Նա այլևս ԱԱԾ տնօրեն չէր, հետևապես հանուն ֆուտբոլի զարգացման այդ պաշտոնի օգտագործումը այլևս սպառված էր, մանավանդ, որ անցած ժամանակահատվածում արատավոր երևույթների դեմ պայքար կամ բացահայտումներ առանձնապես չհետևեցին, այլ եղան միայն նրա հրաժարականից հետո: Բացի այդ, նա բոլորի համար այլևս սովորական քաղաքացի էր, ով նախկինում ֆուտբոլում որևէ առաքելություն չէր իրականացրել և, առանձնապես չհանդիսանալով ֆուտբոլի մեծ գիտակ, այդ դիրքին հասել էր բացառապես հեղափոխության շնորհիվ: Ուստի, չնայած պաշտոնավարման շարունակության դժվար կոտրվող ցանկությանը, Վանեցյանին առանձնապես անելիք չէր մնացել ֆուտբոլում, իսկ վերջին պարտության հետ կոտրվեց նաև ինքնավստահությունը, որը փոխարինվել էր շփոթվածությամբ: Հրաժարականը տեղի ունեցավ, իսկ այդ ժամանակահատվածը լավագույնս ի ցույց դրեց, թե ինչպես չի կարելի վարվել հավաքականի հետ: Բանը հասել էր նրան, որ պաշտոնատար անձանց միջև խնդիրների պատճառով հավաքականի հետ մեկնել-չմեկնելու հարց էր առաջացել, ինչն անմիջական հարված էր թիմին:

Աթոռակռիվ հիշեցնող նոր ընտրություններն անցան փոխադարձ մեղադրանքներով, «կոմպրոմատների» պայքարով, իրենց մասնաբաժին մեղքը թոթափելու մթնոլորտում: Փաստացի ընտրությունը կայանում էր նույն համակարգից տրոհված երկու բևեռներների միջև: Ընտրություններից առաջ և հետո նորընտիր նախագահի մոտ նկատելի էր գլխավոր մարզիչի փոփոխության միտումը: Հիմնականում վկայակոչվում էր Խինես Մելենդեսի սպասվող կարծիքը, որը տարեվերջում հեռանալու էր և որևէ պատասխանատվություն չէր կրելու որոշման համար: Ըստ էության՝ մարզիչի հարցի լուծումը բաղկացած էր բարոյական և գործնական տարբերակներից: Աբրահամ Խաշմանյանը հաստատապես երկու խաղի համար չէր կնքել պայմանագիրը ու նրան տրվել էին շարունակականության երաշխիքներ: Որևէ մեկը դեմ չէր քվեարկել, հրապարակային անհամաձայնություն չէր հայտնել նրա նշանակման հետ, այդ թվում՝ նորընտիր նախագահի ճամբարից: Հետևաբար, բարոյական տեսանկյունից խիստ խոցելի էր ծանր վիճակում թիմը ստանձնած մարզիչի գործունեության կասեցումը՝ առանց հետագայում գործելու հնարավորություն տալու: Սակայն, առկա ներթիմային հակասությունները, որը նույնիսկ առճակատման էր վերածվում, կպահանջեր մեծ ջանքեր բոլոր կնճիռները հարթելու համար ու դեռ հայտնի չէ՝ ինչպես այն կավարտվեր: Հետևաբար, գործնական տեսանկյունից հավաքականի շահերից էր բխում ունենալ հայկական ֆուտբոլի հակասությունների մեջ չթաթախված ու թարմ հայացքներով մարզիչ: Ֆեդերացիան գնաց նոր էջից սկսելու տրամաբանությամբ ու հրավիրեց արտասահմանցի պատշաճ մասնագետի:

Abraham-Khashmanyan.jpg (266 KB)

Այդ ամբողջ քաոսի մեջ, ըստ էության, միայն Խաշմանյանը դարձավ «քավության նոխազը», իսկ մնացած պատասխանատու դերակատարները մեծ հաշվով շրջանցեցին իրավիճակը, այնինչ բոլոր դերակատարներից ամենաքիչը գուցեև հավաքականը հաշված օրեր մարզած մարզիչի դերն էր: Գրեթե միայնակ մնացած մարզիչին այդուհանդերձ հենք հանդիսացավ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին, ով հրապարակային աջակցություն ցուցաբերեց և օբյեկտիվ գնահատական տվեց իրավիճակին: Խաշմանյանը փաստացի հանուն ոչնչի իր անունը թողեց պատմական ամենախոշոր պարտության առաջ, որը բաժանեց նրա մարզչական կյանքը երկու մասերի. նախքան հավաքականը մարզելը և դրանից հետո:

Ընթացիկ տարվա փետրվարին Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի հանդիպումների արդյունքում պայմանագիրը դադարեցնելու որոշում կայացվեց: Հատկանշական է, որ Խինես Մելենդեսի հավանությամբ Անտոնիո Ֆլորեսի և այլ մարզիչների դեպքում նման մանրակրկիտ հետևողականություն չէր նկատվում: Այլ դեպքերում փառաբանության են արժանանում ամենաչնչին՝ թեկուզև երևակայական հաջողությունները և աննկատ անցնում խոշոր անհաջողությունները և ջախջախումները: Այստեղ կարևոր է նույնացնել չափանիշները, որպեսզի չառաջանա «Ընկերներին` ամեն ինչ, օտարներին՝ արդյունք» հայտնի բանաձևը:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ, Reuters

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Սարգիս Հովսեփյան» 

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարուժան Սուքիասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Արթուր Պետրոսյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Արմեն Գյուլբուդաղյանց»




Լուրեր թեմայից