Լրահոս

Կարլսենը օնլայն-մրցաշարի եզրափակիչում պարտվել է 16-ամյա մրցակցի

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը Banter Blitz Cup շախմատային օնլայն-մրցաշարի եզրափակիչում 7,5:8,5 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 16-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջիից։

«Պետք է արժանին մատուցել Ալիռեզային։ Նա աներևակայելի ուժեղ է»,- մրցամարտից հետո հայտարարել է նորվեգացի գրոսմայստերը։

Բացի հաղթողի տիտղոսը նվաճելուց, Ալիռեզան ստացել է նաև 14 հազար դոլար մրցանակային գումար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարլսենը նախաձեռնել էր Magnus Carlsen Invitational շախմատային օնլայն-մրցաշար, որն անցկացվելու է ապրիլի 18-ից մայիսի 3-ը Chess24 կայքում:

Նորվեգացի գրոսմայստերից բացի, մրցաշարում հանդես կգան Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստանն), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան  (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիռեզա Ֆիրուջան (Իրան):

7 տուրերից հետո 4 լավագույնները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչից:

Մրցաշարին մասնակցելու էին Մագնուս Կարլսենի մոտակա 7 մրցակիցները, սակայն Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ողբերգական մահվանից հետո:




Լուրեր թեմայից