Լրահոս

Հովհաննես Բաչկովը բուժվել է կորոնավիրուսից

Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի կազմում Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից վերադառնալուց հետո իր մոտ կոորնավիրուս է հայտնաբերվել, բայց նա արդեն հաղթահարել է հիվանդությունը։

«Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ.

Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։

14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, նաև բուժքույրերի անձնակազմին՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»»,- ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա բռնցքամարտիկը։

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Լոնդոնում անցկացված Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին մասնակցած հայ բռնցքամարտիկներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 

Հիշեցնենք, որ լոնդոնյան մրցաշարը մեկնարկել էր մարտի 14-ին, սակայն 3 օր անց դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 բռնցքամարտիկով: Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հաղթանակով էր մեկնարկել և, դուրս գալով քառորդ եզրափակիչ, նվաճել էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

 




Լուրեր թեմայից