Լրահոս

Հայաստանի հավաքականի հարձակվողը՝ Բրայանտի վերջին խաղը Գրիզմանի հարևանությամբ դիտելու մասին

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սոցցանցերում պատասխանելով ղազախական ակումբի երկրպագուների հարցերին, պատմել է, որ ներկա է եղել «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի վերջին խաղին, որին տրիբունայից հետևել է նաև կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի նորեկ Անտուան Գրիզմանը:  

«Ես ներկա էի Քոբի Բրայանտի վերջին խաղին, իսկ կողքս նստած էր Անտուան Գրիզմանը: Քոբիի մահը, իհարկե, ծանր էր: Այդ ժամանակ մենք հավաքի էինք մասնակցում Պորտուգալիայում: Սկզբում չհավատացի, զանգեցի ԱՄՆ-ում գտնվող ընկերներիս, և ճշտեցի դա: Հաջորդ օրը մարզիչին խնդրեցի մարզումը սկսել լռության րոպեով: Ես տեսա Շաքիլի արցունքները, ինքս լաց լինելու ցանկություն ունեի: Նա ուներ գեղեցիկ կյանք: Ավելի լավ է ապրել այդպես, քան անիմաստ՝ 100 տարի: Ես նույնիսկ խաղակոշիկներ եմ պատվիրել Քոբիի պատկերով: Երբ առաջնությունը վերսկսվի, կխաղամ դրանցով»,- Բարսեղյանի խոսքը փոխանցում է KazFootball.kz-ը:

Հիշեցնենք, որ 41-ամյա ամերիկացու անձնական ուղղաթիռը կործանվել էր հունվարի 26-ի առավոտյան։ Ավիավթարի հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան:

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից