Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Արմեն Գյուլբուդաղյանց

TopSports.am-ի նոր շարքը շարունակում է ներկայացնել նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի նախավերջին՝ 6-րդ հերոսն է Եվրո-2020-ի ընտրական փուլը ձախողած Արմեն Գյուլբուդաղյանցը:

Նշանակում #7. Արմեն Գյուլբուդաղյանց

Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ծնեց ֆուտբոլային աննախադեպ էյֆորիկ տրամադրություններ, որը մարզասերները նույնիսկ համարեցին հայկական ֆուտբոլի ազատագրում: Մինչև 2018թ. միջնամասը բոլորին անհայտ Արթուր Վանեցյանը նախ՝ ճանաչելի դարձավ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու շնորհիվ և շուտով հայկական ֆուտբոլը ղեկավարելու հայտ ներկայացրեց: ԱԱԾ տնօրենը, իր իսկ պնդմամբ, այնքան էլ ֆուտբոլային թեկնածու չէր, ինչը թերևս անզեն աչքով էր երևում, սակայն, նրա բուն գործունեությունը հաշվի առնելով, արժևորվում էր այլ կարևոր գործոններ: Մասնավորապես, գլխավոր ակնկալիքներից էր ֆուտբոլում տեղ գտած արատավոր երևույթների արամատախիլ անելը ու ոլորտը կարգի բերելը: Նոր ղեկավարությունից սպասումներ կային կապված նաև հավաքականների մարզիչների ընտրության քաղաքականության հետ, որից ակնկալվում էր հեղափոխական քայլեր: Վարդան Մինասյանի հեռանալուց հետո քննարկվում էր բարձրակարգ արտասահմանցիներ հրավիրելու հարցը, շրջանառության մեջ էին հնչեղ ու հուսադրող թեկնածուների անուններ, և երբ թվում էր, թե վերջապես դա իրականություն կդառնա, հավաքականի ղեկը վստահվեց տեղացի մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցին: Բավականին հակասական հայտարարություններով և գործողություններով համեմված ֆեդերացիայի հորդորը մեկն էր՝ ներկայումս ընտրվել է լավագույն տարբերակը:

l-E9sXGMHJ1H.jpg (249 KB)

Արմեն Գյուլբուդաղյանցի հետ կնքվեց պայմանագիր, որը նախատեսված էր մինչև Ազգերի լիգայի մնացած հատվածը և Եվրո-2020-ի ընտրական փուլի ավարտը: Ղեկավարությունը և մարզիչը առանձնապես հաստատակամ չէին մրցաշարային խնդիրներ լուծելու հարցում, բայց երկրպագուների տրամադրությունների հիմքում մնում էր եզրափակիչ փուլին մասնակցելու երբևէ ընձեռված ամենաիրատեսական հնարավորության օգտագործումը: Խնդիրը հստակ էր և ոչ անիրական. խաղալ ավելի լավ, քան Մակեդոնիան: Ազգերի լիգան անցավ վայրիվերումներով, գրանցվեցին ինչպես հուսահատեցնող արդյունքներ, այնպես էլ խանդավառ հաղթանակներ: Գյուլբուդաղյանցի առաջին խաղը նմանվեց վատ երազի, որը մոտ էր հավաքականի ողնաշարը կոտրելուն, սակայն օրեր անց մակեդոնացիներին ջախջախումն ինչ-որ չափով կայունացրեց իրավիճակը, թեպետ հետագայում ևս միավորների կորուստից խուսափել չհաջողվեց: Չնայած ջախջախմանը՝ մրցակիցը գործնականում լուծել էր առաջին տեղի հարցը և, ըստ էության, մակեդոնացիներին անհրաժեշտ էր հավաքել ընդամենը հաշված միավորներ: Այդ հաղթանակով, սակայն, հավաքականը ցույց տվեց, որ խմբից դուրս գալն իրական էր, ինչը շատ ավելի ցավալի էր դարձնում գաճաճների հետ միավորների կորուստը ու հնարավորության բացթողումը:

Եվրո-2020-ի ընտրական փուլը շրջապատված էր բարդ մրցակիցներով և, իհարկե, սպասումների առումով անհամեմատ զիջում էր Ազգերի լիգային: Նոր մրցափուլը ևս անցավ հակասական զգացումներով և արդյունքներով: Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այդ մրցափուլում հավաքականը ցույց էր տալիս, որ կարող է պարտվել ու միավորներ կորցնել ամենաթույլերի հետ և հաղթանակած դուրս գալ ուժեղ մրցակիցների դեմ:

l-M1QumfpYzZ.jpg (188 KB)

Հատվածական ու տարբեր. Ի տարբերություն նախորդ մարզիչների, Արմեն Գյուլբուդաղյանցը գործում էր ազատականացված աշխատանքային պայմաններում ու նախկինում առկա ակնհայտ բիրտ միջամտությունը մասնագիտական հարցերին բացակայում էր: Ըստ այդմ վերջապես մարզիչների աշխատանքն ի մի բերելուց, այլևայլ կողմնակի ու խանգարիչ հանգամանքներին վերապահումներ անելու անհրաժեշտություն չկար: Գյուլբուդաղյանցի պաշտոնավարման ընթացքի դրական տեղաշարժերից էր հավաքականի ինքնագնահատականի բարձրացումը՝ համեմատած վերջին մրցափուլերի: Այդուհանդերձ, հավաքականի գլխավոր խնդիրներից համարվող անկայունությունը չհաջողվեց շտկել և առաջընթաց ապահովել: Մարզիչին բաժին էր հասել բացառապես պաշտոնական հանդիպումներով խաղացանկ՝ առանց ստուգողական խաղերի միջով անցնելու օգտակար հնարավորության: Հետևաբար, նա կարող էր միայն հընթացս օպտիմալ տարբերակներ որոնել ու կարգավորումներ կատարել՝ մտքում պահելով արդյունքների կարևորությունը: Մարզչական գործունեության ընթացքում առանձնապես մեծ հաջողությունների չհասած մարզիչի համար դա բարդ խնդիր էր, իսկ հաղթանակները, ի թիվս այլ գործոնների, հիմնականում կապվում էին անհատների վարպետության ու թիմի տրամադրվածության հետ: Դա վկայում էր նաև Գյուլբուդաղյանցի կողմից առանձին ֆուտբոլիստների բացակայության մատնանշումը, կախվածությունը նրանցից և արդյունքները դրանով պայմանավորելն անգամ խմբի հետնապահի հետ խաղերում: Մարզիչը մեծապես ընդունելի էր հավաքականի ֆուտբոլիստների համար, ինչը դրական էր ազդում ներթիմային մթնոլորտի վրա: Գյուլբուդաղյանցն ուներ ֆուտբոլիստների ընտրության լիակատար ազատություն, սակայն հաճախ էր քննադատվում հայտացուցակի և կազմի ընտրության հարցում: Եվ ստեղծվում էր արտասովոր իրավիճակ, երբ ֆուտբոլային հանրությունը ավելի ճիշտ էր գտնվում կազմի հարցում, քան մարզիչը, ինչը ապացուցվում էր խաղի ընթացքով և արդյունքով:

Թեև մրցաշարային տեսանկյունից հավաքականի առաջ ի սկզբանե խնդիր դրված չէր, սակայն ընթացքում տեսական հնարավորություններ հայտնվեցին պայքարի համար: Այդ վճռորոշ պահին հավաքականը կրկին արգելակեց, որը կոտրեց վերելք ապրելու տպավորությունը՝ վաղաժամ հետևությունների խաբուսիկությունը: Մասնավորապես, իտալացիների դեմ պատվով հանդես գալուց ու բոսնիացիներին հաղթելուց հետո, երբ թվում էր, թե հավաքականը վերգտել է իրեն, հաջորդող խաղերում թիմը միավորներ կորցրեց գաճաճ հավաքականի հետ մրցավեճում ու խոշոր պարտվեց ուղեգրի պայքարի ուղիղ մրցակցին: Արմեն Գյուլբուդաղյանցը սկսեց իր ուղին Ջիբրալթարի հետ ամոթալի պարտությամբ և ավարտեց ֆիններից կրած պարտությամբ, սակայն միջակայքում գրանցվեցին մինչև այդ պատմականորեն չհաջողված մրցակիցների նկատմամբ հաղթանակներ: Հունաստանի հավաքականը վերջապես ծնկի բերվեց, և դա տեղի ունեցավ նրանց իսկ հարկի տակ, որից հետո Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը զգաց պարտության դառնությունը: Իր հերթին Հայաստանի հավաքականի դառնությունը Լիխտենշտեյնի մակարդակի հավաքականին միավորներ շնորհելն էր, որն առաջին անգամը չէր: Այդուհանդերձ, Գյուլբուդաղյանցի օրոք վերացան այն խայտառակ ջախջախիչ պարտությունները, որոնք գրանցվում էին աշխարհի առաջնության ընտրական փուլում:

l-JeGhiUkLtT.jpg (135 KB)

Ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին նախագահական ընտրություններից շատ ջրեր էին հոսել, որի արդյունքում նոր ընտրությունների կարիք էր առաջացել: Գյուլբուդաղյանցը հրաժարական ներկայացրեց վերջին երկու խաղերից առաջ, ինչը նման էր նավապետի լքմանը նավից, որն ի դեպ, առանձնապես չէր խորտակվում: Դա բազմաթիվ անհարմարություններ պատճառեց հավաքականին, որի գլխավոր դերակատարն էր գլխավորապես Արթուր Վանեցյանը: Արմեն Գյուլբուդաղյանցը հնարավորություն ուներ ամփոփ տեսք հաղորդել իր աշխատանքին, մրցաշարային աղյուսակին և հրաժեշտին, որի փոխարեն անհասկանալիորեն նախընտրեց կիսատ թողնել ու հեռանալ:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ»

«Տասնամյակի մարզչական նշանակումներըՍարգիս Հովսեփյան» 

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարուժան Սուքիասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Արթուր Պետրոսյան»




Լուրեր թեմայից