Լրահոս

Արիանայի բերգմանյան վերջին մրցամարտը

Երբ աշխարհին պատուհասած խառնակ օրերին մարդկության շարքերը նոսրանում են առօրեական, երբ անուն առ անունը ճարահատյալ տեղը զիջել է քանակ առ քանակին, գույժերից մեկը համայն հայությանը ցնցեց առանձնաբար: Շախմատային աշխարհի հարկադիր լռությունը նույնպես մի պահ ցավակցաբար խախտվեց և կրկին լռություն տիրեց: Լևոն Արոնյանի եռատող բոթը տարածում գտավ երկրագնդի տարբեր անկյուններում, թափանցեց հազարավոր սրտեր և այնտեղ թողնելով մորմոքի իր չափաբաժինը՝ հետ դարձավ կարեկցանքի խոսքերով: Երկրի ղեկավարներից մինչև ֆեդերացիաներ, աշխարհի չեմպիոններից մինչև շարքային երկրպագուներ, հարևան երկրից մինչև բազում այլ երկրներ կիսում էին Արոնյանի ծանր վիշտը:

Կյանքի և շախմատի համադրությունը դարերի խորքից հասել է մեր օրեր և անկանգառ դեռ երկար կշարունակվի: Ինչպես խաղատախտակին են թագուհին և թագավորը մեկնարկում կողք-կողքի, այդպես էլ կյանքի խաղատախտակն էր նրանց միմյանց կողքին կարգել: Իրեն վերապահված դերին համապատասխան թագուհին գործում էր տարբեր ուղղություններով. ուսում, ատենախոսություն, բարեգործություն, բազում ծրագրեր, հոդվածագրություն և խորհրդատվություն, տնտեսագիտություն և մշակույթ, ինչպես նաև այլ գործունեություն, որոնց առանցքում Հայաստանն էր, Արցախը և հայ ժողովուրդը: Զուգահեռաբար թագուհու գլխավոր առաքելությունը շարունակում էր մնալ մեծարժեք արքայի հաղթական քայլերթը ու տարբեր թագերով ապահովելը:

42781561_10156038177171379_1775004683723603968_o.jpg (203 KB)

Արիանա Կաոիլիի շախմատային ուղին թերևս հագեցած չէր բուռն հաղթական մրցաշարերով: Միջազգային վարպետ Արիանայի լավագույն արդյունքը գրանցվել է 2002 թվականին՝ արձանագրված վարկանիշային 2309 միավորով: Նա սիրում էր մասնակցել բաց մրցաշարերի, որտեղ գեղեցիկ հաղթանակներ էր գրանցում նաև տղամարդկանց նկատմամբ: Բազմաթիվ հետաքրքրաշարժ մրցախաղերից ուշագրավ էր փոքրիկ Արիանայի և փոքրիկ Մագնուս Կարլսենի դիմակայությունը: 2001 թվականին Gausdal Classics մրցաշարի միջազգային վարպետների A խմբում սևերով խաղացող 15-ամյա Կաոիլին ոչ ոքի խաղաց 11-ամյա նորվեգացու հետ: Դիմակայությունից երկու տարի անց Մագնուս Կարլսենը դառնալու էր աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Նշանային այդ դիմակայության ժամանակ հազիվ թե փոքրիկ աղջնակը պատկերացներ, որ իր առաջ նստած տղան տարիներ անց կդառնա աշխարհի չեմպիոն, իր ընտրյալը կլինի չեմպիոնի գլխավոր մրցակիցներից մեկը, որ չեմպիոնի և իր ապագա ամուսնու մրցախաղերը կդառնան աշխարհի ամենահզոր դիմակայություններից, իսկ ինքը կդառնա չեմպիոնին գահընկեց անելու իր արքայի շարժիչ ուժը, ներշնչանքը: 

https://www.365chess.com/game.php?gid=388786

0077.png (88 KB)

Նշանային տարիներից էր նաև 2002 թվականը, երբ Հայաստանն ուղիղ, բայց դեռևս հպանցիկ առնչվեց ֆիլիպինուհու հետ: Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Համաշխարհային Oլիմպիադայում հանդիպում էր Ֆիլիպինների հավաքականին: Մարզիչները հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանին հանգիստ էին տվել և առաջին համարով հանդես էր գալիս Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակիցը հենց Արիանան էր: Լարված մրցախաղն ավարտվեց գործող և ապագա հայուհիների խաղաղության համաձայնության ձեռքսեղմամբ, որը Արիանայի միակ ոչ ոքին էր մրցաշարում: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆիլիպինների թիմին, և դա միակ դեպքն էր, որտեղ Կաոիլին ուղիղ և փոխաբերական իմաստով գործում էր ընդդեմ Հայաստանի: Ճակատագիրն այլևս նախատեսել էր Արիանային լինել Հայաստանի հետ ու հանուն մեր երկրի: Հայկական լեռնաշխարհը գերելու էր Արիանային նաև հետագայում՝ իր մոգական ուժով ձգելով և ապրելավայրի ընտրության հարցում խամրեցնելով նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրների փայլը:

50808930_10156297253326379_7428232692476411904_o.jpg (203 KB)

Ընթանում էր 2006 թվականը և շախմատային 37-րդ Օլիմպիադան: Կաոիլին փոխել էր ֆեդերացիան և ներկայանում էր արդեն Ավստրալիայի դրոշի ներքո, իսկ Լևոնը առաջին անգամ պետք է առաջին խաղատախտակին առաջնորդեր հավաքականը դեպի պատմական հաղթանակ: Բացի փառահեղ մարզական տարի լինելուց, այն նշանավորվեց Լևոնի և Արիանայի ծանոթությամբ, որը հետագայում վերածվելու էր երջանկալից օրերից կազմված տարիների շարանի: Այդպես նրանք մինչև 2012 թվականը համաժամանակյա մեկնում էին Օլիմպիադաներին ՝ զուգահեռաբար խաղալով յուրաքանչյուրն իր ֆեդերացիայի համար: Շուտով Արիանան դադարեցրեց ելույթները հավաքականում, փոխարենը՝ վայելում էր Լևոնի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի մեծագույն հաղթանակները, որոնք լիարժեքորեն պատկանում էին նաև իրեն:

92136760_204351127655955_2382880136794996736_n.jpg (71 KB)

Հետաքրքրական էր 2009 թվականը, որում զույգը որոշել էր շրջագայության մեկնել Լոնդոն: Այդ տարի այնտեղ կազմակերպվել էր յուրահատուկ շախմատային փառատոն, որի մասնակիցներից էր նաև Արիանան: London Chess Invitational մրցաշարը Կաոիլին հաղթանակեց մեկ շնչով: Կրելով միայն մեկ պարտություն՝ նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և երկու միավորի առավելությամբ հասավ վերջնագծին: Այդպես Արիանա Կաոիլին կարծես իր արքայի գործի լրացնողը լիներ, ում համար London Chess Classic մրցաշարը մնում է դեռևս չնվաճած բարձունք: Լևոն Արոնյանը մտադրված էր միանալ թագուհուն և միասին նշել հաղթանակը, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով երջանիկ միացումը չդարձավ իրականություն:

2017 թվականը դարձավ անմոռանալի տարիներից ևս մեկը, որը պաշտոնապես կատարյալ դարձրեց զույգի միասնությունը: Երկար սպասված ամուսնության ժամկետները հստակեցված էին, իսկ Արոնյանի համար մշտապես կարևոր Հավակնորդների մրցաշարին մասնակցելու հարցը դեռևս չլուծված: Վերջին հնարավորությունը մնում էր աշխարհի գավաթը հաղթելը, որին անմիջապես հետևելու էր հարսանեկան արարողության օրը: Դրամատիկ մրցաշարն ի վերջո ավարտվեց այնպես, ինչպես հեքիաթներում կգրվեր: Արիանան անկեղծանում էր իր հույզերի և զգացողությունների մասին, թե ինչպես է արտասվել գերլարված հաղթանակից հետո՝ լավագույնս տեղեկացված լինելով, դրվագ առ դրվագ վերապրելով Լևոնի անցած ուղին և բոլոր հաղթահարած դժվարությունները:

«Երբ թագուհին գալիս է, մարդիկ կորցնում են իրենց»,- նվաճած գավաթին նվիրված ասուլիսի ժամանակ կատակեց հաղթանակած թագավորը ՝ Արիանայի դահլիճ ժամանելուն պես մտքի թելը մի պահ կորցնելով: Ինչպես շախմատային ելույթների ժամանակ էր Լևոնի քայլերը և գերազանցապես նրա թագուհու տեղաշարժը գամում ու ստիպում տագնապել, ցավել, հպարտանալ, ուրախանալ, մտորել, հույս հայտնել, որ բարդ իրավիճակները կհաջողվի շտկել, այնպես էլ իրականության մեջ և իր կյանքի թագուհու դեպքում: Չարաբաստիկ օրերից մեկում մշտապես օգնողի դերը կրող, օգնության ձեռք մեկնող թագուհին, ինքը զգաց ձեռնատվության կարիքը և հայտնվեց մեծաքանակ ձեռքերից հյուսված փրկօղակում: Թերևս դրությունը մեղմվում էր ստացվող հուսադրող երանգներով, որ դեռ չիրականացած երազանքների ու նպատակների իրականացման շարունակությանը վտանգ չի սպառնում: Սպասումներն ապրում էին, որ հաղթահարելով փորձությունը թագուհին, այնուամենայնիվ, կանգուն կմնա, բայց ցավալիորեն գոյավիճակի կտրուկ վատթարացումը կուրացնող կայծակի հետ բերեց նաև խլացնող ամպրոպ:

42855195_10156038177631379_730490713468305408_o.jpg (63 KB)

«Ճամփորդ» պարբերականում լույս տեսնող Արիանայի գրառումներից մեկում՝ «Կորստյան ցավն ու ցավի խորհուրդը» հոդվածում, նա կիսում է իր զգացումները վերջին հրաժեշտի հետ կապված հայերի ավանդույթների մասին և համեմատական տանում իր տեսած այլ ավանդույթների հետ: Իրավամբ, իր տպավորությանը համահունչ, անհատի կորուստն այս անգամ ևս ու առանձնահատուկ ընդունվեց որպես հասարակության անդառնալի կորուստ: Մինչև վերջին մանրուքը հայ լինելու նրա ձգտումը և հետևողական մարմնացումը հայության կողմից առաջացրեց ջերմառատ վերաբերմունք, իսկ հրաժեշտ տվեց որպես իր շարքերի լիակատար անդամի, հայ ժողովրդից պոկված մի մասնիկի: Արիանա Կաոիլիի հավատամքը Հայաստանի հետ հավերժ կապվելու խիստ վաղաժամ գտավ իր հաստատումը, իսկ Հայաստանը նույն հավերժությամբ փոխադարձաբար իր գրկում կխնամարկի արժանի զավակին: Ժամացույցը անարդար կանգ առավ՝ հատկացված ժամանակը և հաղթական քայլերթը թողնելով անկատար: Բերգմանյան պայմանով վերջին մրցախաղը հաղթել չհաջողվեց:

Երբ թագուհիներն այլևս խաղատախտակին չեն, որպես թագավորի հենասյուն են մնում երկու նավերը, որի անխորտակներից մեկը հայ ժողովուրդն է, իսկ մյուսը շախմատային ամբողջ աշխարհը, որոնք, առավել քան երբևէ, Լևոնի կողքին են:

Շվեդ ռեժիսոր և սցենարիստ Ինգմար Բերգմանի ամենահայտնի ֆիլմերից մեկում, երբ մահը գալիս է ասպետի հետևից, վերջինս նրան առաջարկում է շախմատ խաղալ՝ պայմանով, որ հաղթելու դեպքում մահը կհեռանա, սակայն մարդու և մահվան մրցախաղում հաղթում է մահը:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից