Լրահոս

Grand Chess Tour-ի մրցաշարերը նույնպես չեղարկվեցին

Շախմատի Grand Chess Tour-ի 2020 թվականի բոլոր մրցաշարերը չեղյալ են հայտարարվել։ Կազմակերպիչների ու հովանավորների կողմից նման որոշում է կայացվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«Շախմատիստների, հանդիսատեսի, մեր աշխատակիցների ու գործընկերների առողջությունն ու բարեկեցությունն ամենակարևորն են մեզ համար»,- մրցաշարի տնօրեն Միխայիլ Խոդարկովսկիի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն։

Grand Chess Tour-ի նախագահ, աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը վստահեցրել է, որ բոլոր հովանավորները պատրաստ են 2021 թվականի մրցաշրջանին. «Հաջորդ տարի շախմատասերները կարող են հույս ունենալ, որ ավելի ընդլայնված տուր կանցկացնենք»,- ասել է նա։

Ավելի վաղ նույն պատճառով դադարեցվել էր նաև Եկատերինբուրգում ընթացող հավակնորդների մրցաշարը, որտեղ անցկացվել էր 7 տուր:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2019-ին նվաճել էր Սենթ Լուիսում անցկացված St. Louis Rapid & Blitz արագ շախմատի ու բլիցի մրցաշարի, ինչպես նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Grand Chess Tour-ի 6-րդ փուլ Superbet Rapid & Blitz մրցաշարի հաղթողի կոչումը։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Արոնյանը գրավել էր չորրորդ տեղը։




Լուրեր թեմայից