Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Արթուր Պետրոսյան

TopSports.am-ի նոր շարքը շարունակում է ներկայացնել նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի 5-րդ հերոսն է Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը:

Նշանակում #5. Արթուր Պետրոսյան

Վարուժան Սուքիասյանի հեռանալուց հետո հերթական անգամ սկիզբ առավ տարբեր թեկնածությունների քննարկման տեղապտույտը, սակայն հասունացել էր պահը, որ մարզիչի ով լինելը առաջնային չէր այլևս: Հարցի էությունը կենտրոնացել էր Ռուբեն Հայրապետյանի մնալ-չմնալու շուրջ, քանի որ նրա՝ մարզչական ընտրությունների և հրաժարումների հանդեպ լուրջ վերաբերմունք վաղուց չկար: ՀՖՖ ղեկավարը չէր պատրաստվում հրաժարվել իր գործելաոճից, ինչը ինքնաբերաբար ձևավորում էր հերթական հարցը, թե որ հայ մարզիչը կնշանակվի այս անգամ և որքան կմնա այդ պաշտոնում: Ծառացած խնդիրների բազմազանության համայնապատկերում ՀՖՖ նախագահը մեծապես տարված էր իր անձի հետ կապված խնդիրները չեզոքացնելով: Նախքան աշխարհի առաջնության ընտրական մրցափուլի մեկնարկը Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես հայտարարություն էր տարածել, որ ուղեգիր չնվաճելու դեպքում նա հրաժարական կտա: Ընթանում էր մրցափուլի միայն սկզբնամասը, բայց արդեն երեք խաղից հետո ուղեգիր նվաճելու հնարավորություններն անիրական էին թվում: Ինչպես հետագայում էր պարզվելու, հեռանալու մտադրություններ ամենևին չկար, իսկ դրա փոխարեն առկա էր հայտարարությունից խուսանավելու նպատակ:

FZGS2f6naBmj7Uc9YGz2YAogIo.jpg (73 KB)

Որպես լեգենդար ֆուտբոլիստ հրաժեշտ տված Արթուր Պետրոսյանը հայկական ֆուտբոլի տեսադաշտում հայտնվեց երկար տարիներ անց՝ Բեռնար Շալանդի ժամանելուն պես: Գլխավոր մարզիչի օգնականի դերը ստանձնած լեգենդը ստիպված էր շվեյցարացու հետ հեռանալ հավաքականից Ալբանիայի դեմ խաղից հետո: Այդուհանդերձ, թեկնածուների ցանկը նվազագույնի հասցրած ՀՖՖ ղեկավարը որոշ ժամանակ անց կրկին անսպասելի քայլի գնաց և Արթուր Պետրոսյանին դիմեց վերադարձի խնդրագրով: Հավաքականում առկա գերլարված մթնոլորտը պահանջում էր այս անգամ նաև մարզասերներին առնվազն չգրգռող թեկնածու: Մեծ համբավի տեր նախկին ֆուտբոլիստը ֆեդերացիայի հետ երկու տարվա դաշինք կնքեց, ինչը շատերի կողմից ճիշտ չհաշվարկված քայլ համարվեց:

Արթուր Պետրոսյանի վերադարձը նշանավորվեց Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ փառահեղ հաղթականով, որը գրանցվեց հավաքականի պատմական հաղթանակների շարքում: Դրան հետևած հաղթանակը ղազախների նկատմամբ հույսի մասնաբաժին ավելացրեց առ այն, որ տրամադրությունների փոփոխությունը կօգնի հավաքականին վերելք ապրել: Սակայն շարունակականություն ապահովել չհաջողվեց, որի գլխավոր պատճառներից էր՝ ստեղծված իրողություններում հաջողելու անհնարինությունը:

920363.jpg (39 KB)

Լիցքաթափում. Հավաքականի պատմության մեջ առաջին գերկամային հաղթանակի հասնելուց զատ, Պետրոսյանի գլխավոր ձեռքբերումը ստեղծված լարված մթնոլորտի էական թոթափումն էր, ինչը գուցեև ոչ ամենքին հասու լիներ: Արթուր Պետրոսյանի հեղինակությունը և մոտեցումները կարգավորեցին փոխհարաբերությունները ֆուտբոլային հանրության բոլոր ճյուղերի հետ. նրա վերաբերմունքը և վերաբերմունքը նրա հանդեպ կտրականապես տարբերվում էին նախորդ դեպքերից: Այդ ձեռքբերումներին զուգահեռ Արթուր Պետրոսյանը, սակայն, ստիպված էր անցնել ամոթալի պարտությունների միջանցքով: Չնայած մրցափուլի վերջնամասի ծանր հարվածներին՝ մարզիչի պայմանագիրը շարունակեց գործել նաև Ազգերի լիգայի անչափ սպասված խաղարկության համար: Այդուհանդերձ, նրան վիճակված չէր հասնել մրցաշարին, որի մեկնարկից ամիսներ առաջ հնչեց հրաժարական: Օրեր անց Վարդան Մինասյանը ներկայացվեց որպես գլխավոր մարզիչ՝ ֆուտբոլիստների ընտրության լիակատար ազատության իրավունքով, որը անսպասելիորեն ներառում էր նաև Յուրա Մովսիսյանի վերադարձը:

Արթուր Պետրոսյանը պարբերաբար խոսում էր հավաքականի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելու անհրաժեշտության մասին, որը հիմնականում կապված էր արտերկրում հանդես եկող խաղացողների հետ: Առկախված խուլ այդ պահանջը մարզիչի կողմից հնչեցվում էր անհասցե, թեև հարևանությամբ գտնվող հասցեատերը միաժամանակ շարունակում էր անսասան մնալ արգելքների հարցում: Հանրության աչքերում կազմի ազատ համալրման պահանջի հասցեատերն էր նաև ինքը՝ մարզիչը, որպես կազմի համալրման առաջնային պատասխանատու: Նա ստիպված էր առերեսվել խնդրին և ամեն անգամ կազմի հարցը բարձրացնելիս՝ անուղղակիորեն հասցեագրելով այն ինքն իրեն: Մասնավորապես, հաղթանակներով լի նոր տասնամյակը բերել էր իր հետ երկրպագուական նոր սերունդ, որը Մովսիսյանի գոլերի հետ աչքերը բացելով՝ առանց գոլահարի հավաքականը չէր պատկերացնում ու մոռացության չէր մատնում նրան: Նոր սերունդը Պետրոսյանի լեգենդար անցյալին այդքան լավ ծանոթ չէր, իսկ հաջողությունների հիմքում ընկած Մովսիսյանի մեծագույն ավանդը թարմ էր բոլորի հիշողություններում: Բացի անցյալի ձեռքբերումներից, Յուրա Մովսիսյանը հեշտ մոռացվող դերակատարներից չէր՝ հեռավոր ԱՄՆ-ում արդյունավետ խաղ ցուցադրելու հիմքով: Արթուր Պետրոսյանը հենց առաջին ասուլիսներից մեկում հավանություն տվեց Ռուբեն Հայրապետյանի գործողություններին ընդդեմ առաջատար ֆուտբոլիստների, ինչը թեև սպասելի էր, բայց հաշվի առնելով Պետրոսյանի լեգենդար հեղինակությունը՝ հուսահատեցնող: Մինչդեռ ամբողջ մարզադաշտը, «Յուրա, Յուրա» վանկարկելով, զրոյացնում էր տարբեր կողմերից նրան մոռացության տալու ջանքերը: Այդպիսով ուրվագծվում էր բավականին մռայլ տեսարան, որտեղ հայկական ֆուտբոլի երկու անառարկելի հեղինակությունները հակադրված էին հանուն ոչնչի: Պետրոսյանի համար խոսուն և նույնիսկ փոքրիկ ողբերգություն կարելի է համարել այն հանգամանքը, որ նրա հեռանալուց օրեր անց, հաջորդ մարզիչի համար հանվեցին բոլոր արգելքները: Դա նաև վերաբերելի կարելի է համարել արգելքներով աշխատած Վարուժան Սուքիասյանի դեպքում:

xMx2SRwjOyR1ExEqZtexcxmE8K.jpg (72 KB)

Այդպես անբիծ հեղինակությամբ ֆուտբոլիստը թաթախվեց հայրապետյանական խաղի կանոնների մեջ, որից անկորուստ դուրս գալն անհնար էր: Երկար տարիներ հավաքականի մարզիչների աշխատանքի բնութագրման մեջ կարմիր թելով անցնում էր ՀՖՖ նախագահի գործոնը, ինչը բավականին անբնական երևույթ էր, որը, սակայն, նկատի չառնելը նույնպես անկարելի է: Նրա թելադրանքները մարզիչներին հնարավորություն չէին տալիս ինչպես ազատ աշխատել, այնպես էլ լիիրավ գնահատել մասնագետներից յուրաքանչյուրին: Արթուր Պետրոսյանից հետո հեռացավ նաև ՀՖՖ նախագահը՝ շուրջ 15 տարում իրենից հետո թողնելով նույնքան նշանակումներ: Արթուր Պետրոսյանը Հայաստանում ևս մեկ մարզչական փորձ կատարեց ակումբային ֆուտբոլում, սակայն կարճատև այդ մոտեցումից հետո ստիպված էր վերադառնալ Շվեյցարիա՝ առաջարկների սպասումով: Հավաքականը գուցեև կարող էր անվանի ֆուտբոլիստի համար դառնալ ցատկահարթակ մարզչական բնագավառում, սակայն նշանակումը վաղաժամ էր և պատրաստվածության առումով քիչ հիմնավորված:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Սարգիս Հովսեփյան» 

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարուժան Սուքիասյան»




Լուրեր թեմայից