Լրահոս

Փարիզում անվճար դիմակներ բաժանած հայ մարզիկը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Այս օրերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում ստեղծվել է ծանր իրավիճակ: Մի քանի օր շարունակ Փարիզի հիվանդանոցներում անվճար դիմակներ ու ձեռնոցներ բաժանած հայ երիտասարդներից մեկը՝ Արարատ Երոյանը, TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է այդ նախաձեռնության, Հայաստանում իր սպորտային կարիերայի և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մասին:

«Մանկուց սիրել եմ սպորտը: 2003-ին, երբ դեռ Հայաստանում էի ապրում, սկսեցի զբաղվել ֆուտզալով: Մեկ տարի խաղացել եմ սիրողական թիմում: Նույն մարզադահլիճում մարզվում էր նաև Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներից մեկը՝ մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ: Նա նկատեց ինձ և առաջարկեց խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում: Իրոք, շատ էի ուրախացել, ես խաղում էի, որովհետև սիրում էի, մտքովս չէր էլ կարող անցնել սպորտային կարիերա ունենալու մասին: Ռուբեն Նազարեթյանի շնորհիվ մի քանի տարի խաղացել եմ Բարձրագույն լիգայում, նաև հրավիրվեցի ֆուտզալի Հայաստանի երիտասարդական հավաքական: Ճիշտ է՝ ռմբարկուների ցուցակում առաջատար չէի, բայց միշտ գոլերով աչքի եմ ընկել: Հասցրել եմ խաղալ տարբեր ակումբներում՝ «Պոլիտեխնիկ», «Թալ Գրիգ», «Ադանա», «Ամիկ», «Եվրոպա»: Իմ խաղալու ժամանակաշրջանում Հայաստանում ֆուտզալ մարզաձևը նոր էր զարգանում, չորս տարի խաղացի, այնուհետև մի քանի հանգամանքների բերումով ընտանիքով տեղափոխվեցինք Ֆրանսիա: Բայց, չթողեցի ֆուտզալը: Փորձաշրջան անցա և միացա «Փարիզ մետրոպոլ» ակումբին: Խաղում էի ֆուտզալի Ֆրանսիայի Բարձրագույն լիգայում, սակայն դա երկար չտևեց: Շատ լուրջ վնասվածք ստացա և ստիպված եղա պրոֆեսիոնալ կարիերաս ավարտել: Դրանից հետո սկսել եմ խաղալ սիրողական լիգայում, զուտ սպորտից չկտրվելու համար: Այժմ Փարիզում հանդես եմ գալիս ֆուտզալի «US Nubar» հայկական թիմում:

Կորոնավիրուսը, ցավոք, լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Ֆրանսիայում ծայրահեղ վիճակ է: Տանից կարելի է միայն դուրս գալ լրացրած թերթիկով մոտակա խանութ և դեղատուն գնալու համար: Նաև պետք է դիմացինից գոնե մեկ մետր հեռավորություն պահել: Տուգանքները շատ բարձր են: Քանի որ երկրում դիմակների մեծ պահանջարկ կա, ես ու ընկերս՝ Վահանը, ունենալով ծանոթներ, ովքեր պահեստավորած պաշտպանիչ միջոցներ ունեին, գնեցինք բոլոր դիմակները և ձեռնոցները: Գնեցինք նաև սնունդ: Սնունդը հիմնականում բաժանել ենք անտուն մարդկանց, ովքեր գումար չունեն: Խիստ սահմանված կարանտինի պայմաններում դրսում հազվադեպ մարդկանց կարող ես հանդիպել, հասկացանք՝ նրանց գումար և սնունդ տվող չի լինի, այդ պատճառով որոշեցինք բարի գործ անել: Մի քանի օր շարունակ Փարիզի հիվանդանոցներում անվճար դիմակներ ու ձեռնոցներ էինք բաժանում: Լրագրողները շատ պատահական տեսան մեզ հիվանդանոցում, իմացան մեր նախաձեռնության մասին և խնդրեցին նկարել մեր բարի գործը: Հարցրին մեր անունները, մենք էլ ասացինք՝ հայ ենք ու մենք այսպիսին ենք: Ֆրանսիայում օրեցօր ավելանում է կորոնավիրուսի պատճառով վարակվածների և մահացածների թիվը: Բայց պետք է լավատես լինել: Ամեն օր հետևում եմ հայկական լրահոսին և անհանգստանում: Մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն և լսեն կառավարության հորդորները: Բոլորս պետք է անենք առավելագույնը: Հուսով եմ՝ շուտով կկանխվի այդ վիրուսի տարածումն աշխարհում, և մենք կսկսենք ապրել մեր սովորական կյանքով»,- ասաց Արարատ Երոյանը:

Վերոնիկա Բեկնազարյան



Լուրեր թեմայից