Լրահոս

Կարլսենը, Կասպարովը, Անանդն ու մյուսները ցավակցել են Արոնյանին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և մի շարք անվանի գրոսմայստերներ սոցցանցերում ցավակցել են շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար և ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ։ 

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Լևոն Արոնյանին կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան կապակցությամբ։ Բառերով չենք կարող նկարագրել այն վիշտը, որը զգում ենք հիմա»,- ասվում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայության հայտարարությունում։

«Խոսքեր չկան։ Շատ եմ ցավում»,- գրել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։

«Թանկագին Լևոն, մեր խորին ցավակցությունները։ Մենք Արիանային ճանաչում էինք, երբ նա դեռ երիտասարդ աղջիկ էր, իսկ հետագայում դարձավ քո կինը։ Նա միշտ ընկերասեր և քաղաքակիրրթ անձնավորություն էր։ Դուք շատ ընդհանրություններ ունեիք»,- գրել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը։

«Խորին ցավակցություններս Լևոնին և այն մարդկանց, որոնց կյանքն ավելի պայծառ էր դարձել Արիանայի շնորհիվ»,- գրել է աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը։

«Անչափ ցավում եմ կորստի համար, Լև»,- գրել է ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։

«Աստված իմ, պի՛նդ եղիր։ Ցավակցում եմ»,- գրել է ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին։

Արոնյանին ցավակցական ուղերձներ են հղել նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուս Սերգեյ Կարյակինը, հոլանդացի Անիշ Գիրին, ուկրաինացի Պավել Էլյանովը և ուրիշներ։

Նախօրեին կյանքից հեռացած Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Նա մարտի 14-ին ավտովթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ: Ֆիլիպինցի նախկին շախմատիստուհին ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ և ենթարկվել մի քանի վիրահատության:

Լևոն Արոնյանը և Արիանե Կաոիլին ամուսանացել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:




Լուրեր թեմայից