Լրահոս

Սերժ Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին՝ կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին։

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նախօրեին կյանքից հեռացած Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Նա մարտի 14-ին ավտովթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ: Ֆիլիպինցի նախկին շախմատիստուհին ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ և ենթարկվել մի քանի վիրահատության:

Լևոն Արոնյանը և Արիանե Կաոիլին ամուսանացել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:




Լուրեր թեմայից