Լրահոս

Թայսոնը պատմել է, թե ինչպես է իր վագրը կծել անծանոթ կնոջը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատմել է, թե ինչպես է իր վագրը հարձակվել անծանոթ կնոջ վրա և կծել նրա ձեռքը։ Ամերիկացին իր առանձնատանը բենգալյան 3 վագրեր է պահում բանտից դուրս գալուց հետո:

«Ինչ-որ մեկն անցել էր ցանկապատից ներս և սկսել էր վագրի հետ խաղալ։ Դա սարսափելի դժբախտ պատահար էր։ Ավելի ուշ ինձ փորձել են դատի տալ այդ պատճառով, բայց երբ իմացան, որ կինն ինքնակամ է մուտք գործել տարածք, փոշմանեցին։ Ես այդ կնոջը 250 հազար դոլար տվեցի, երբ տեսա, թե ինչ է եղել նրա ձեռքի հետ։

Չգիտեի, որ վագրերն ընդունակ են դրան։ Ես հիմարաբար կարծում էի, որ դրանց ընտելացնելը հնարավոր է։ Այդ կենդանիները խաղալու ընթացքում կարող են պատահաբար սպանել ձեզ։ Վագրերը շատ ուժեղ են»,- Թայսոնի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Թայսոնը 1992 թվականին բանտարկվել էր 6 տարով, իսկ 1995-ին վաղաժամկետ ազատվել է կալանքից։

53-ամյա լեգենդար բռնցքամարտիկը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա վերջին մրցակիցը Կևին Մաքբրայդն էր, որը հաղթել էր ամերիկացուն։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 58 մենամարտում 50 հաղթանակ է տարել (այդ թվում՝ 44-ը նոկաուտով)։




Լուրեր թեմայից