Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարուժան Սուքիասյան

TopSports.am-ի նոր շարքը շարունակում է ներկայացնել նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի չորրորդ հերոսն է Վարուժան Սուքիասյանը, որի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու երկրորդ փորձն ամենահաջողներից չէր:

Նշանակում #4. Վարուժան Սուքիասյան

Հայկական ֆուտբոլի վատագույն տարիներից մեկի ավարտին հավաքականը կրկին նոր մարզիչի նշանակման սպասումների մեջ էր: Մինչև այդ ազգային հավաքականի անփառունակ ելույթներին զուգորդում էին ավելի վատթար արդյունքներով մնացած տարիքային հավաքականները: Սակայն մարզական անհաջողությունները ստվերվեցին աղմկոտ սկանդալներով` կապված Ալբանիայի խաղի հետ և դրան հաջորդած իրադարձություններով: Ի պատասխան ՀՖՖ նախագահի մեղադրանքներին, հնչեցին պատասխան միասնական հայտարարություններ ֆուտբոլիստների կողմից: Այդ առկախ պայմաններում, ֆեդերացիան նոր մարզիչի որոնումների մեջ էր, կարծես ոչինչ չի պատահել: Մրցափուլի ավարտով հավաքականը, բացի բարոյական հարվածներից, կրեց կադրային շոշափելի կորուստներ, ինչի պատճառով մի շարք ֆուտբոլիստներ հեռացվեցին հավաքականից:

Ֆուտբոլի ֆեդերացիան այս անգամ շեշտը դրեց փորձառության վրա ու ՀՖՖ նախագահի խնդրանքով մարզչական աշխատանքին վերադարձած Վարուժան Սուքիասյանը նշանակվեց ազգայինի մարզիչ: Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանի նախագահ դառնալուց հետո հավաքականը մարզող վերջին հայ մարզիչն էր, որից հետո ՀՖՖ ղեկավարը եզրահանգել էր, որ Հայաստանում համապատասխան մարզիչ չկա ու հավաքականին անհրաժեշտ են արտասահմանցի մասնագետներ: Սա բավականին անսպասելի նշանակում էր նաև այնքանով, որ ժամանակին բավականին կոշտ մեղադրական ակնարկներ էին արվել նրա հասցեին: Այդ ամենը մնաց անցյալում ու հայտարարվեց, որ ՀՖՖ նախագահը և մարզիչը կհաջողեն ստեղծելու այն հավաքականը, որը կար նախկինում:

new_armenia_boss_varuzhan_sukiasyan.jpeg (116 KB)

Երկար ժամանակ մարզչական գործունեությամբ չզբաղվող մասնագետին նշանակելը հայ մարզիչների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի անձնական ցանկի սնանկության լավագույն վկայությունն էր: Վարուժան Սուքիասյանն անցել էր բավականին երկար մարզչական ճանապարհ, որը բացի ակումբային ֆուտբոլի հայաստանյան հաջողություններից, ներառում էր նաև աշխատանք տարբեր տարիքային հավաքականների հետ: Այսպիսի ընտրությունը սկսնակ մարզիչի տարբերակի համեմատ ավելի գերադասելի էր, թեև հեղափոխական հույսեր այդուհանդերձ չէր պարգևում: Վարուժան Սուքիասյանի հետ հավաքականը մի շարք ոգևորիչ խաղեր կարողացել էր անցկացնել նախկինում, սակայն առավել հիշեցնել էին տալիս իր հետ կապված աղմկահարույց պատմությունները: Մասնավորապես, նրա օրոք ուկրաինացիների հետ հայտնի խաղից հետո Ռոման Բերեզովսկին սկսեց չհրավիրվել հավաքական: Ճակատագրի հեգնանքով շուրջ 15 տարի անց Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն անցկացվեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ՝ Բելառուսի հետ վերադարձի խաղում:

Վարուժան Սուքիասյանն իր աշխատանքը սկսում էր բավականին լարված մթնոլորտում ու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջների ներքո: Մարզիչը մինչև ընտրական փուլը բավականաչափ ժամանակ ուներ, իսկ ընկերական խաղերով հագեցած այդ ժամանակաշրջանը մնալու էին նրա երանելի ակնթարթները:

Մի կողմից, Սուքիասյանը նախնական փուլում հանրահաճո գործելաոճով էր փորձում ներկայանալ, հայտարարում ֆուտբոլիստների ընտրության հարցում սեփական որոշումների բացառիկության մասին, մյուս կողմից հավաքականը կազմավորելիս բախվում արգելված առաջատարների խնդրին: Սակայն ինքնուրույնության մասին հավաստիացումները գոլորշիացան ՀՖՖ նախագահի հանդուգն ինքնախոստովանության հետ, որը թեև հանրամատչելի համոզմունք էր, սակայն փորձ էր արվում մշտապես այն հերքել: Գուցե հոգնելով անդադար ժխտելու անիմաստ փորձերից՝ Ռուբեն Հայրապետյանը հակագրոհի անցավ և բացեիբաց հայտնեց, որ մասնակցելու է հավաքականի կազմի ընտրությանը և որևէ մեկը բարոյական իրավունք չունի իրեն մեղադրել դրանում: Սուքիասյանը բավական անհարմար վիճակում հայտնվեց և զրոյացրեց այն կերպարը, որը փորձում էր կերտել. վստահությունը նրա անաչառությանը և ինքնուրույնությանը հայտնվեց նույն զրոյական կետում:

gFHSvVPVCFgY6WsRfmWaSs9nqK.jpg (311 KB)

Տեսնենք. Մեկնարկային շրջանում նորանշանակ մարզիչը, հաղթելով Գվատեմալային, դարձավ հավաքականի երբևէ գրանցած խոշորագույն հաղթանակի տերը, սակայն, հաշվի առնելով մրցակիցների մակարդակը, ինչպես նաև դրության բարդությունը Սուքիասյանը զգուշավորություն էր ցուցաբերում ապագայի վերաբերյալ գնահատական հնչեցնելուց: Ընդհանրապես, փորձառու մարզիչը լավագույն ցուցանիշներից մեկն ունի ընկերական խաղերի հանրագումարում, իսկ պաշտոնականներում այդպես էլ հաղթել չհաջողվեց: Աշնանային քննությունները Վարուժան Սուքիասյանի ոդիսականը ընդհատեցին արդեն երրորդ պաշտոնական խաղից հետո: Այդ ժամանակաշրջանի միջակայքում պատմական ամենախոշոր հաղթանակ տոնած մարզիչի համբավին կցվեց նաև տնային ամենախոշոր պարտություն կրածի համբավը: Խաղադաշտում անհաջողություններից զատ եղան ֆուտբոլիստներից հրաժարումներ և լրագրողական համայնքի հետ առճակատում: Ուստի խորացող ճգնաժամը բերեց իր հետ տրամաբանական հրաժարական կամ գուցե աշխատանքից ազատում: Սուքիասյանը նախնական հայտարարությամբ տղամարդկային վճռականություն էր հավաստում՝ դժվար պահին հավաքականին չթողնելու մասին, սակայն կարճ ժամանակ անց նա արդեն հավաքականի մարզիչը չէր: Եթե Սարգիս Հովսեփյանի դեպքում նշանակման հաշվետվությունը հպանցիկ վերագրվեց ժամանակավոր լինելուն, ապա Սուքիասյանի դեպքում կիրառվեց այն հնարքը, որը կիրառվել էր Բեռնար Շալանդի դեպքում. երկրպագուներն էին մեղավոր...

Սուքիասյանը ևս փորձեց իր կետից սկսել և իր ուղով տանել վայրիվերումների մեջ գտնվող հավաքականին, բայց նույնիսկ նրան այդ ուղին վստահողները զգացին այդպիսի ընթացքը ընդհատելու կարիքը, որի շարունակությունը գրեթե օրհասական էր: Ինչպես հայրապետյանական տարիների ճնշող մեծամասնության դեպքերում, մարզչական պայմանագրերը տրամաբանական ավարտին չէին հասնում: Սուքիասյանը փորձեց իրեն վերգտնել ակումբային ֆուտբոլում, սակայն դա ևս երկար ու հաջող կյանք չունեցավ: Արդյունքում՝ Ռուբեն Հայրապետյանը խոստանում էր շատ արագ մարզիչի հետ վերածնել նախկին կուռ և հաղթող հավաքականը, սակայն արդեն իրենց ստեղծած նորացված հավաքականն էր մոտեցել վտանգավոր եզրագծին: Անցնող տարիներին այդպես էլ չեղան պատասխանատվություն վերցնելու նշույլներ, վնասաբեր գործելաոճի վերաիմաստավորում, իսկ անգամներով սխալված ղեկավարի նկատմամբ վստահությունը վաղուց սպառվել էր: Մարզչական նշանակումների ձախողումը, ինչպես նաև ընդհանուր հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակը նորից ձայն տվեց տրիբունաներին, որի հորդորներից ամենամեղմը՝ «Հայրապետյան հեռացիրն» էր:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ, ՈւԵՖԱ

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Սարգիս Հովսեփյան» 




Լուրեր թեմայից