Լրահոս

Էդմոնդ Նազարյան. Միշտ ցանկանում եմ, որ հայրս ինձանով հպարտանա

Երբ սկսեցի զբաղվել ըմբշամարտով, հասկացա՝ որքան ուժեղ է հայրս: Իմ նպատակն Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է, դրանից հետո նոր կսկսեմ մտածել նրան անցնելու մասին:

Այս մասին TopSports.am-ի հետ հարցազրույցում ասաց Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն 18-ամյա Էդմոնդ Նազարյանը՝ անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին:

Էդմոնդ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ըմբշամարտով: Ինչու՞ ընտրեցիր հենց այդ մարզաձևը: Հայրիկի գործոնը մե՞ծ էր:

Փոքր տարիքում, երբ առաջին անգամ գնացի հայրիկի աշխատավայր, որը ըմբշամարտի մարզադահլիճն էր, խաղում և մանկական չարաճճիություններ էի անում՝ խանգարելով մարզվողներին: Ամբողջությամբ ծախսում էի էներգիաս ու չէի էլ հասկանում պահի լրջությունը: Հայրս, տեսնելով ակտիվությունս, որոշեց ամեն օր ինձ իր հետ տանել մարզումների, որպեսզի հասկանամ՝ ինչ մարզաձև է, և եթե մարզվելու ցանկություն ինձ մոտ առաջանա, փորձեմ ուժերս: Անկեղծ ասեմ՝ հենց սկզբից էլ ինձ դուր եկավ ըմբշամարտը, այս մարզաձևն ինձ գրավեց իր ուժային պայքարով և գեղեցիկ հնարքներով: 10 տարեկան էի, երբ որոշեցի մտնել սպորտի աշխարհ: Հայրս ինձ համար անձնական մարզիչ գտավ ու սկսեցի մարզումները: Իմ կյանքում նրա ներդրումը շատ մեծ է եղել: Ինձ միշտ հավատացել է ու քաջալերել:

Որքանո՞վ է պարտավորեցնող, երբ այդպիսի անվանի մարզիկի որդի ես:

Երբ սկսեցի զբաղվել ըմբշամարտով, հասկացա՝ որքան ուժեղ է հայրս: Միշտ ինձ համեմատում էին նրա հետ և ասում՝ պետք է հայրիկի գրանցած արդյունքներն անցնես ու շատ աշխատես: Իմ նպատակն Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է, դրանից հետո նոր կսկսեմ մտածել նրան անցնելու մասին: Տանը հայրս է, իսկ մարզադահլիճում՝ մարզիչս: Այլ հարց է, երբ ինչ-որ բան է ասում, և ես մյուսներից ավելի արագ եմ ընկալում նրան ավելի լավ ճանաչելու շնորհիվ: Մարզադահլիճում նրա համար բոլորն էլ հավասար են: Փոքրուց ես միշտ պայքարել եմ հաղթանակի համար: Չէի ուզում բավարարվել միայն մասնակցությամբ: Բնավորությամբ պայքարող ու հաղթող եմ: Իսկ սպորտում դա շատ կարևոր է: Միշտ ցանկանում եմ, որ հայրս ինձանով հպարտանա:

6.jpg (187 KB)

Մանկությունում եղե՞լ է ինչ-որ հետաքրքիր դեպք, որ կցանկանայիր հիշել հիմա:

Դեպքեր շատ են եղել, բայց այս պահին չեմ մտաբերում: Միայն լավ տպավորվել է, որ միշտ ուզում էի գոտեմարտել ինձանից բավականին մեծ ըմբիշների հետ: Ես հավատում էի, որ իմ ներսում շատ մեծ ուժ կա ու գոնե ինչ-որ միավոր կարող եմ վաստակել: Եվ այդպես մի օր հայրս ասաց, որ իմ մրցակիցը կլինի: Մի լավ հնարք արեց՝ ասելով, եթե դու քո սկզբունքներն ունես, ուրեմն ես էլ իմն ունեմ: Ասաց՝ զգույշ լինեմ ու շատ խորհուրդներ տվեց: Այդ օրը հասկացա՝ ամեն ինչ պետք է մտածված անել, որ հնարավորինս քիչ լինեն վնասվածք ստանալու վտանգները: Չգիտակցված քայլերը կարող են կոտրել ապագադ:

Ի՞նչ էիր զգում առաջին մրցանակը նվաճելիս:

Փոքրուց տարբեր մրցաշարերի էի մասնակցում: Առաջին անգամ գրավել եմ երրորդ տեղը: Լավ հիշում եմ՝ ինչ ծանր էի տանում այդ փաստը: Միշտ ուզում եմ չեմպիոն լինել, իսկ երրորդ տեղի մրցանակն ինձ համար վատ արդյունք էր: Չէի ուզում վերցնել մեդալը, բայց դրանից հետո ինձ ասացի, որ այսօրվանից պետք է ամեն բան անեմ, որ ավելի ուժեղանամ: Ուրեմն լավ չեմ աշխատել, ինչ-որ բան կիսատ եմ արել, որ ինձ հաղթել են: Հաջորդ մրցաշարերում սկսեցի ավելի լավ գործել, ճիշտ է՝ եղան մրցաշարեր, որոնցում ինձ համար լավ արդյունքեր չգրանցեցի, բայց չեմ կոտրվել, միշտ փորձում եմ առաջ նայել ու մտածել հաջորդ պայքարում հաղթելու մասին: Երբ դարձա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, ունեցա աննկարագրելի զգացողություններ, որոնք չէի կարող փոխանցել ոչ մեկին: Շատ էի ուրախացել (ծիծաղում է): Պայքարեցի մինչև վերջ և արեցի այն, ինչ ինձ կարգադրել էին մարզիչները: Նրանց մեծ հավատի շնորհիվ ես ինձ հավատացի և արեցի այն, ինչ պետք էր:

5.jpg (166 KB)

Որքանո՞վ է ըմբշամարտը փոխել քեզ:

Այս մարզաձևն ինձ սովորեցրեց շատ ավելի խորը ու հավաքված մտածել: Ավելի հավասարակշռված եմ դարձել: Հասկացել եմ՝ ինչ է հարգանքը: Մարզիկի կյանքը շատ բարդ է, մշտապես լարված իրավիճակներ ու պայքար: Միշտ պետք է մոտիվացիա ունենաս ու ձգտես անել առավելագույնը:

Սպորտ և ուսում: Ինչպե՞ս ես համատեղում:

Գրաֆիկս գրեթե միշտ նույնն է: Առավոտյան գնում եմ դպրոց, այնտեղ վերջացնում եմ դասերս և շտապում մարզումներին: Հետո արագ վերադառնում եմ տուն, դասերս անում և քնում: Իսկ հավաքների ժամանակ գրաֆիկն ամբողջովին փոխվում է: Սկսում ես ապրել միայն սպորտային կյանքով, որ մրցաշարերին կարողանաս լավ ներկայանալ: Այս տարի ավարտում եմ դպրոցը: Ամեն բան կփորձեմ անել, որ ոսկե մեդալով ավարտեմ, քանի որ ունեմ այդ հնարավորությունը: Պետք է քննությունները լավ հանձնել ու արդարացնել ընտանիքիս ու ուսուցիչներիս սպասելիքները: Դեռ չեմ կողմնորոշվել, բայց մտածում եմ տնտեսագետ կամ իրավաբան դառնալու մասին: Հավատում եմ, որ հետագայում էլ ինձ կհաջողվի համատեղել սպորտն ու ուսումը: Մարզական կարիերադ մի փուլում ստիպված ես լինելու ավարտել, այդ պատճառով միայն սպորտի մասին մտածել չեմ կարող: Ինչպես ասում են, կյանքը ցույց կտա:

1.jpg (115 KB)

Դու զտարյուն հայ ես, բայց ծնվել ու մեծացել ես Բուլղարիայում: Նաև հանդես ես գալիս այդ երկրի դրոշի ներքո: Հետաքրքիր է՝ քո սրտում ի՞նչ տեղ ունի Հայաստանը:

Անկեղծ ասեմ՝ Հայաստանը շատ եմ սիրում: Ինձ շատ հարազատ մարդիկ, ընկերներս, բարեկամներս Հայաստանում են ապրում: Առավել հաճախ Հայաստան եմ գալիս ամռանը՝ դպրոցական արձակուրդների ժամանակ: Հայաստանում ավելի շատ զույգեր ունեմ, երբ գալիս եմ, սկսում եմ մարզվել և պատրաստվել մրցաշարերին: Հայաստանն իմ երկիրն է, ինչպես որ Բուլղարիան: Երկու երկրներն էլ իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն: Միշտ էլ հպարտացել եմ, որ հայ եմ: Հայկական ավանդույթները մշտապես փորձում եմ պահել: Սիրում եմ իմ հայկական մտածելակերպը և հայ ժողովրդին:

Իսկ ո՞ր լեզվով ես մտածում:

Ես տիրապետում եմ չորս լեզուների՝ հայերեն, բուլղարերեն, ռուսերեն և անգլերեն: Այդ լեզուներից մեկով խոսելու ընթացքում որոշ բառեր խառնում եմ (ծիծաղում է): Բայց, եթե կենտրոնանամ, ավելի շատ, երևի, հայերենով եմ մտածում: Ճիշտ է՝ հայերենով վարժ գրել դեռ չեմ կարողանում, բայց տառերը գիտեմ, քերականությունը չգիտեմ, բայց դա ինձ չի խանգարում, որ հայերենով կարողանամ ազատ շփվել: Մեր տանը միշտ հայերեն ենք խոսում:

Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

Այժմ աշխարհում մեծ տարածում է գտել կորոնավիրուսը, այդ պատճառով ստիպված ենք միայն տանը մարզվել: Երկու զույգ ունեմ՝ հայրս և եղբայրս: Այդպես մեկ-մեկ ինչ-որ հնարքներ ենք փորձում (ծիծաղում է): Այդ վիրուսը հաղթահարելուց հետո պարզ կդառնան հետագա անելիքներս: Շարունակելու եմ հավատալ և ամեն ինչ անել, որ գլխավոր նպատակիս հասնեմ: Կփորձեմ հայրիկիս արդյունքները գրանցել, լրիվ հասկանում եմ՝ երկար ու դժվար ճանապարհ է ինձ սպասվում: Բայց պատրաստ եմ այդ ամեն ինչի միջով անցնել: Կարևորը՝ առողջ լինենք:

3.jpg (149 KB)

Շարունակիր…

Սիրում եմ  համերաշխությունն ամեն ինչում

Չեմ սիրում էգոիստներին

Թեմա, որի մասին անվերջ կխոսեմ ըմբշամարտ

Հայաստանն իմ հայրենիքն է                                                             

Սպորտն ինձ համար մոտիվացիա է

Վախենում եմ իմ Աստծուց

Բառ, որն ամենից հաճախն եմ օգտագործում իրոք (բուլղ՝. наистина)

Մի փոքր բլից

Թեյ, թե սուրճ - թեյ

Սիրտ, թե ուղեղ - ուղեղ

Շիկահեր, թե սևահեր - սևահեր

Ռիսկ, թե ճշմարտություն - ճշմարտություն

Սպասել, թե գործել - գործել

Դաջվածք, թե մաքուր մաշկ - մաքուր մաշկ

Ակնարկել, թե ուղիղ ասել - ուղիղ ասել

Զրուցեց Վերոնիկա Բեկնազարյանը




Լուրեր թեմայից