Լրահոս

Շախմատի Հայաստանի չեմպիոնները՝ Օլիմպիադան հետաձգելու մասին

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և չորրորդ անգամ կանանց Հայաստանի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Մարիա Գևորգյանը TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել են համաշխարհային Օլիմպիադան հետաձգելու որոշման և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի մասին:

Սամվել Տեր-Սահակյան. «Ճիշտն ասած, հույս ունեի, որ գոնե շախմատի համաշխարհային Օլիմպիադան չեն հետաձգի: Բայց, քանի որ մի շարք կարևորագույն մրցաշարեր հետաձգվեցին, արդեն պարզ էր դառնում, որ շուտով դա էլ կհետաձգեն: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան հայտնի և մեծ միջոցառում է, որին մասնակցում են հազարավոր մարդիկ: Կորոնավիրուսն այնքան արագ տարածվեց ամբողջ աշխարհում, որ միջազգային կառույցները չէին կարող թույլ տալ նաև Օլիմպիադայի անցկացումը: Հիմա մարզիկների համար և ոչ միայն, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չգիտես՝ որտեղ կխաղաս հաջորդ մրցաշարում, կամ ընդհանրապես կխաղաս, թե՝ ոչ: Մտահոգիչ փաստ է, բայց պետք է մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու: Այժմ տանն եմ, տանից երկար ժամանակով դուրս գալ չի կարելի, այդ պատճառով ժամանակս լրացնում եմ՝ ֆիլմեր դիտելով և գրքեր կարդալով»:

82628104_10216596617328200_2101230269016047616_o.jpg (113 KB)

Մարիա Գևորգյան. «Ինձ համար սպասելի էր շախմատի համաշխարհային Օլիմպիադան հետաձգելու մասին որոշումը: Դժվարանում եմ ինչ-որ բան ասել: Մտածում էի՝ այս տարվա ընթացքում կկայանա մրցաշարը, բայց փաստորեն հաջորդ տարի է լինելու: Ինչպես մյուսները, այնպես էլ մենք: Վերջին դեպքերը հաշվի առնելով՝ սկսել եմ ավելի քիչ տանից դուրս գալ: Գրքեր եմ կարդում, աշխատում եմ ավարտել ասպիրանտուրայի թեզս և ֆիլմեր եմ դիտում: Շատ դժվար է քիչ տեսնել հարազատ մարդկանց, բայց օրենքն օրենք է: Եթե տանից էլ դուրս եմ գալիս, փորձում եմ քիչ մարդկանց հետ շփվել և որոշակի հեռավորություն պահել: Անպայման կրում եմ դիմակ, ձեռնոց և ինձ մոտ պահում եմ ալկոգել: Բոլորը պետք է պահպանեն առողջության անվտանգության կանոնները՝ այդ կերպ նվազեցնելով վարակվելու ռիսկերը»:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել էր 2020թ. շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան: Մրցաշարը տեղի կունենա 2021 թվականին:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից