Լրահոս

Բարսեղյանը, Հովհաննիսյանն ու Ավետիսյանը պատմել են Ղազախստանում տիրող իրավիճակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և Պետրոս Ավետիսյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել են ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով Ղազախստանում տիրող իրավիճակի մասին։

Տիգրան Բարսեղյան․ «Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ:

Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»,- ասել է «Աստանայի» հարձակվողը։

Կամո Հովհաննիսյան․ «Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը:

Ղազախստան - Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:

Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Աթլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսով եմ, որ նրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»,- նշել է «Կայրաթի» 27-ամյա պաշտպանը։

Պետրոս Ավետիսյան․ «Այստեղ` Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Աստանայում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը: 

Շատ էի սպասում Ղազախստան - Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,- ասել է «Տոբոլի» նորեկը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, Եվրոպայի 5 առաջատար առաջնությունները (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ լիգաներ, այդ թվում՝ Հայաստանի Բարձրագույն խումբը: Մեկ տարով հետաձգվել են Եվրո-2020-ը և Ամերիգայի Գավաթ-2020-ը: Հետաձգվել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերն Ուզբեկստանի (մարտի 26-ին Տաշքենդում) և Ղազախստանի (մարտի 30-ին Ալմաթիում) հետ: 

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

 




Լուրեր թեմայից