Լրահոս

Կորյուն Սողոմոնյան. Եթե վստահ չես ուժերիդ, անիմաստ է պայքարել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի մասին: Հայ բռնցքամարտիկն օրեր առաջ մեկ հաղթանակով օլիմպիական ուղեգիր էր նվաճել Լոնդոնում անցկացված վարկանիշային մրցաշարում, որն անավարտ մնաց կորոնավիրուսի պատճառով: 52 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր էին նվաճում քառորդ եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցները:

«Լոնդոնում անցկացրի միայն մեկ մենամարտ: Հաղթելով Իսրայելը ներկայացնող հայ բռնցքամարտիկին՝ ապահովեցի տեղս Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում։ Հաջորդ մենամարտը չկայացավ կորոնավիրուսի տարածման պատճառով: Մրցաշարը չեղարկվեց, և ստիպված եղանք վերադառնալ: Անցկացրածս միակ մենամարտի մասին կարող եմ ասել, որ շատ վստահ եմ դուրս եկել ռինգ: Եթե վստահ չլինես ուժերիդ, իմաստ չկա պայքարել ինչ-որ բանի համար: Ռինգում շատ բան կախված է հոգեբանական տրամադրվածությունից: Լավ պատրաստված էի ու կատարեցի իմ առջև դրված խնդիրը: Եթե չդադարեցնեին մրցաշարը, շարունակելու էի նույն ոգով:

Երբ վերադարձանք Հայաստան, միանգամից ինքնամեկուսացանք, որպես այդպիսին շփումներ չեն եղել, երևի, հենց դա է պատճառը, որ ուղեգիրը նվաճելուց հետո ինչ-որ նոր զգացողություններ չկան: Այժմ, քանի որ չեմ կարող մարզումների հաճախել, ստիպված տնային պայմաններում հնարավորությունների սահմանում փորձում եմ ինչ-որ բան անել մարզավիճակս պահելու համար:

Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգել են, ինչը հասկանալի է, քանի որ մարդկանց առողջությունն առաջնային է: Այժմ մեզ մնում է սպասել, մինչև վիրուսը կնահանջի, որպեսզի վերադառնանք մեր նորմալ մարզումներին: Այն հաղթահարելուց հետո նոր կկարողանանք մտածել մեր հետագա նպատակների մասին»,- ասաց Կորյուն Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշել էր մեկ տարով հետաձգել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից