Լրահոս

Հավակնորդների մրցաշարը դադարեցվեց

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարը անորոշ ժամկետով դադարեցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Մարտի 17-ին մեկնարկած  մրցաշարում արդեն անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆրանսաիցի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և ռուս Յան Նեպոմնյաշչին, որոնք ունեն 4.5-ական միավոր: 3-6-րդ տեղերը բաժանող ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Վան Հաոն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հավաքել են 3.5-ական միավոր: Չինացի Դին Լիժենը և ռուս Կիրիլ Ալեքսեենկոն 2.5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից կդադարեցնի կանոնավոր և չարտերային չվերթները՝ բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր առանց հանդիսականների: Բացի մասնակիցներից, դահլիճում ներկա էին միայն հավատարմագրված լրագրողները։ Շախմատիստների շփումը հնարավորինս սահմանափակված է։

Հավակնորդների մրցաշար հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել շախմատի համաշխարհային թագը:




Լուրեր թեմայից