Լրահոս

Մխիթարյանը պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է անցնում կյանքը կարանտինում: Այս օրերին 31-ամյա ֆուտբոլիստը Հռոմում է: Իտալիայում կա կորոնավիրուսով վարակման 74 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 7500-ից:

«Դժվար է, բայց մենք դիմանում ենք: Այսպիսի բարդ ժամանակահատվածում չենք կարող շատ բան անել, կարող ենք միայն նստել տանը, որպեսզի լինենք անվտանգ ու սպասենք, թե երբ է իրավիճակը լավանալու: 

Առավոտյան արթնանալիս նախաճաշում եմ, ընտանիքիս անդամների հետ զրուցում եմ կորոնավիրուսից, կյանքից, ապագայից ու անցյալից: Երեկոյան ֆիլմ եմ դիտում, երբեմն դա անում եմ մենակ:

Բացի այդ, ակումբը մեզ ուղարկել է անհատական մարզումների ծրագիր: Փորձում եմ պահպանել մարզավիճակս:

Երբ իմացա, որ աշխարհում իրավիճակը փոխվել է, լսեցի խորհուրդներ և դադարեցի դուրս գալ տանից: Ավելի լավ է մնալ տանը և օրինակ ծառայել բոլորին: Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

31-ամյա կիսապաշտպանը պատմել է նաև, որ «Ռոմայում» իրեն ավելի լավ է զգում, քան Լոնդոնի «Արսենալում», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը:

«Ունաի Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում էր Պաուլու Ֆոնսեկայինից: «Ռոմայում» շատ ավելի լավ եմ զգում ինձ, քանի որ մենք խաղում ենք լավ ֆուտբոլ, որը համապատասխանում է ինձ: Նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, մենք շատ ագրեսիվ ենք խաղում և փորձում ենք վերահսկել գնդակը: Իհարկե, ինձ դուր է գալիս այսպիսի խաղը:

Հիմա ոչինչ չեմ կարող ասել «Ռոմայում» մնալու վերաբերյալ, քանի որ մրցաշրջանը դադարեցվել է, և մենք չգիտենք, թե երբ ենք դարձյալ ֆուտբոլ խաղալու: Ֆուտբոլն արագ է փոխվում: Սկզբում դու մի թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ մեկ այլ: Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից