Լրահոս

Ֆաբրեգաս. «Արսենալում» իմ մակարդակին համապատասխանող միայն 2 խաղացող կար

«Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, թե ինչու է 2011 թվականին հեռացել Լոնդոնի «Արսենալից»։

«Ես թիմի ավագն էի և մեծ ճնշում էի զգում ինձ վրա։ Պետք է իմ հետևից տանեի թիմը։ Երբեմն պարտությունից հետո վերադառնում էի տուն և արտասվում։ Բազում անքուն գիշերներ եմ անցկացրել։

Հերթական անհաջող խաղից հետո բարձրանում էի ավտոբուս և տեսնում, թե ինչպես են մյուս խաղացողները ծիծաղում։ Նրանք առաձնապես մտահոգված չէին, քննարկում էին, թե ինչպես են խաղից հետո կազմակերպելու իրենց ժամանցը։ Այդպիսի դեպքերը շարունակական բնույթ էին կրում։ Ես ինձ միայնակ էի զգում։

Վերջին 2-3 տարում ես հասկացա, որ Ռոբին վան Պերսին ու Սամիր Նասրին միակ խաղացողներն են, որոնք մտավոր ու տեխնիկական ունակություններով համապատասխանում են իմ մակարդակին։ Եվ սա բացարձակապես մեծամտություն չէ, այլ՝ իրականություն»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը 2003-2011 թվականներին է հանդես եկել «Արսենալում», որի կազմում անցկացրած 306 խաղում դարձել է 59 գոլի ու 92 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 2011-ին նա անգլիական ակումբից տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնա»:




Լուրեր թեմայից