Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Սարգիս Հովսեփյան

TopSports.am-ի նոր շարքը շարունակում է ներկայացնել նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի երրորդ հերոսը Հայաստանի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանն է, որը 2015 թվականին ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը լքելուց հետո չի զբաղվում մարզչական աշխատանքով:

Նշանակում #3 Սարգիս Հովսեփյան

Շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի հեռանալուն հետևեց նոր՝ հայ մարզիչների ժամանակաշրջանը: Մի շարք քիչ համոզիչ փաստարկներ առաջ բերելով՝ ֆուտբոլի ֆեդերացիան արտասահմանցի մարզիչների հարցը համարեց այլևս փակված: Օտարերկրացիները ներկայացվեցին իբրև գործին չնվիրված ու գումարի հետևից եկողներ, թեև փաստ է, որ հավաքականի գոյության ամբողջ շրջանում հայ երկրպագուների համար որպես Հայաստանին նվիրված անգերազանցելի օրինակ շարունակում է մնալ շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Բեռնար Շալանդի դեպքում ևս դժվար էր մարզիչին մեղադրել նվիրվածության կամ հաջողության հասնելու ցանկության բացակայության մեջ, բայց ընթանում էր արտասահմանցիների արհեստական դեմոնիզացիայի գործընթաց, որի խորքում այլ նպատակներ էին քողարկված:

Հայ մարզիչների որակավորման հարցում մշտապես անվստահություն հայտնող ՀՖՖ նախագահի քաղաքականությունը հերթական անգամ տրամագծորեն հակառակ կողմ շրջվեց: Ըստ ֆեդերացիայի, խնդիրը ոչ թե իրենց կողմից աշխարհում գործող բազմաթիվ բարձրակարգ օտարերկրացիների ցանկից ճիշտ, բարձրակարգ և անվանի մարզիչներին չհրավիրելն էր, այլ լոկ հրավիրված անհայտ մարզիչների այլազգի լինելը: Հարցի նաև ֆինանսական կողմը չշրջանցելով՝ հայտարարվեց, որ հաջողության գրավական կարող է դառնալ միայն ու միայն հայ մարզիչը: Մինչդեռ ֆուտբոլային հանրության սպասելիքները մնում էին նույնը. հրավիրել նախորդներից ավելի լավ, իրականում բարձրակարգ մասնագետների:

Սարգիս Հովսեփյան.jpg (50 KB)

«Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի գործող մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվեց ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Շուրջ երեք տասնամյակ հավաքականին հավատարիմ ծառայած ֆուտբոլիստը մարզչական ասպարեզում կատարում էր առաջին քայլերը, ինչը բավականին արագացված էր և արհեստական: Փաստացի Սարգիս Հովսեփյանը մարզչական գործունեությամբ զբաղվելով ոչ լիարժեք 2 տարի՝ սրընթաց հասավ մինչև ազգային հավաքական:

Հավաքականից հեռացած Բեռնար Շալանդն ամենի հետ նաև քարկոծվում էր դժգույն, ոչ դիտարժան խաղի համար: Հովսեփյանը դիրքավորվել էր հակադիր դիրքերից և խոսում էր գեղեցիկ ֆուտբոլ դավանելու մասին: Իրավիճակը դրանից չփոխվեց, իսկ Շալանդի հետ հեռացան նաև նվազագույն հաշվով պարտություները, որոնց փոխարինելու եկան ավելի խոշորները: Հովսեփյանի հետ հավաքականը գրանցեց ճիշտ նույն արդյունքը՝ տարբերությամբ, որ նախկին մարզիչն արտագնա երեք և մեկ տնային խաղ անցկացրեց, իսկ Հովսեփյանի դեպքում հակառակը՝ արտագնա խաղը մեկն էր, իսկ մնացածը տնային էին: Թեև խաղացանկն ավելի բարենպաստ էր, սակայն սպասելիքները մեծ չէին, որ ժամանակավոր մարզիչը կկարողանա այդ կարճ ժամանակահատվածում բեկում մտցնել իրավիճակի մեջ: Լեփ-լեցուն մարզադաշտում Եվրոպայի ապագա չեմպիոններին երկու գոլ խփելուց հետո հավաքականին չհաջողվեց մնացած խաղերում գեթ մեկ գոլ խփել: Ըստ էության, հավաքականը շարժվում էր իներցիայով և ինչպես հետագայում էր պարզ դառնալու՝ այդ իներցիոն ընթացքը դեպի ներքև էր սլանում: Հաշիվները գնալով մեծանում էին հօգուտ մրցակիցների, իսկ այդ ամենի հետ մեկտեղ Հովսեփյանը գոյացնում էր նաև անջրպետ իր և ֆուտբոլային հանրության միջև: Ի վերջո, մրցափուլի ավարտական խաղում մարզադաշտում կոչեր սկսեցին հնչել և բացվեց պաստառ՝ «Մարզիչ ենք ուզում» գրությամբ: Հավաքականի նախկին ավագը հեռացավ մեկ միավորով, իսկ Ալբանիայի դեմ մրցափուլի վերջին խաղը և դրան հետևած իրադարձությունները խորը ճգնաժամ առաջացրեցին ոչ միայն հավաքականում, այլև ամբողջ հայկական ֆուտբոլում:

gettyimages-487115078-2048x2048.jpg (960 KB)

Ժամանակավոր զբաղմունք. Հովսեփյանի օրոք նույնպես հավաքականի կազմը հարկադրաբար նոսրանում էր: Բացատրությունների փորձերը առանձնապես մեծ ազդեցություն չէին ունենում, ինչպես նախկին մարզիչի դեպքում, այնպես էլ ժամանակավորի: Իսկ ահա իր առաջին անհաջողությունից հետո պաշտոնակատարը սկսեց մեղադրական ոճով խոսել նախկին թիմակիցների հասցեին, ուստի այդ պայմաններում գեղեցիկ խաղի և արդյունքի մասին բարդ էր մտածել:

Հազիվ երկու տարի մարզչական գործունեություն ծավալող և առանձնապես հաջողություններ չարձանագրած մասնագետին հավաքականը վստահելը շղթայաբար իրավունք էր շնորհում Հայաստանում գործող բազմաթիվ մարզիչներից յուրաքանչյուրին դառնալ թեկնածու, որոնց շարքում կային շատ ավելի փորձառուներ և հաջողակներ: Գործնականում ջնջվեցին մարզիչների ընտրութան սահմանված այն չափանիշները, որոնք մինչև այդ պահվում էին: Հայաստանը խնդիրներ լուծելու փոխարեն զբաղված էր այսպիսի խիստ արհեստական ձևավորված օրակարգով, այնինչ ընդամենը մեկ տարի առաջ խոսվում էր համապատասխան հայ մարզիչ չլինելու և արտերկրից բարձրակարգ մարզիչ հրավիրելու մասին: Բացառապես հայ մարզիչ ընտրելու սկզբունքը խիստ նեղացրեց թեկնածուների շրջանակը, իսկ այդ ցանկից ընտրելու իրական չափանիշը մնում էր ՀՖՖ նախագահի համար ականջահաճո լինելը: Անվստահության մթնոլորտը խորանում էր ու քանի որ բոլորի կողմից ընդունելի թեկնածու դժվար էր գտնել, իսկ հայ մարզիչների որակները միմյանցից շատ չէին տատանվում, ուստի բազմաթիվ խնդիրներին գումարվեց ևս մեկ խնդրո առարկա:

Մարզիչի դերը, նշանակելու ճշգրտությունը կարևորելու և հեռատեսություն ցուցաբերելու դեպքում այս ամենից կարելի էր դրականը քաղած և քիչ կորուստներով դուրս գալ: Սակայն Շալանդի աշխատանքը կիսատ մնաց, իսկ Հովսեփյանին չհաջողվեց շարունակել կամ բարելավել այն: Առջևում հաջորդներն էին, որոնք սեփական կետից էին փորձելու սկսել, իսկ հավաքականը պետք է շարունակեր մնալ փորձարարական հարթակ: Ըստ էության, հավաքականի ճամբարը լքելուց հետո Սարգիս Հովսեփյանը լքեց նաև ակտիվ ֆուտբոլը՝ զբաղվելով իր գործունեությամբ քիչ հայտնի հասարակական կազմակերպության աշխատանքներով: Ինչպես հայտարարվում էր՝ նա ընդամենը ժամանակավոր էր:

Արեգ Մուրադյան

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»

«Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ»




Լուրեր թեմայից