Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Յան Նեպոմնյաշչին առաջին պարտությունը կրեց

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին անցկացվեց 7-րդ տուրը։

Ֆրանսաիցի Մաքսիմ Վաշյե-Լագրավը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ, միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ և մրցաշարային աղյուսակում հավասարվեց նրան։ Սա ռուս գրոսմայստերի առաջին պարտությունն էր մրցաշարում։ Նախորդ 2 տուրերում նա հաղթել էր: 

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի ու չինացի Վան Հաոյի, հոլանդացի Անիշ Գիրիի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, ինչպես նաև չինացի Դին Լիժենի ու ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

7-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին ու Վաշյե-Լագրավը 4.5-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Վան Հաոն և Ալեքսանդր Գրիշչուկը 3.5-ական միավորով բաժանում են 3-6-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Հավակնորդների մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների: Բացի մասնակիցներից, դահլիճում ներկա են միայն հավատարմագրված լրագրողները։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շախմատիստների շփումը հնարավորինս սահմանափակված է։

Հավակնորդների մրցաշար հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել շախմատի համաշխարհային թագը:

 




Լուրեր թեմայից