Լրահոս

Լուիշ Նանի. Ռոնալդուն շատ բան է սովորել ինձանից

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Լուիշ Նանին նշել է իր նախկին 5 ակումբակիցներից կազմված խորհրդանշական հավաքականը։

Նախկինում պորտուգալացին հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», թուրքական «Ֆեներբահչեում», իսպանական «Վալենսիայում» և Հռոմի «Լացիոյում»։

«Իմ թիմի դարպասապահը կլինի Դե Խեան։ Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է և իմ լավ ընկերը։ Սակայն նա պետք է միշտ ակնոց կրի, քանի որ առանց դրա ոչինչ չի տեսնում։

Դեկուն իմ կուռքերից մեկն է։ Նա շատ բան է սովորեցրել ինձ։ Նրա տեխնիկական ունակությունները հիանալի են համապատասխանում հինգը հինգի դեմ խաղալու համար։

Պաշտպաններից կնշեմ Բրունու Ալվեշին։ Նա հիանալի է պատրաստված տեխնիկապես։ Եթե պետք է խաղալ, նա խաղում է, եթե պետք է խափանել մրցակցի գրոհները, նա լավագույններից է այդ գործում։

Այն բոլոր ունակությունները, որն ունի Կրիշտիանու Ռոնալդուն, արագ ոտքերը և այլն, այդ բոլորը նա երիտասարդ ժամանակ սովորել է ինձանից։ Ընդհանրապես, նա ինձանից շատ բան է սովորել»,- ասել է Նանին MLS-ի մամուլի ծառայության հետ զրույցում։

Նանիի կազմած հավաքականի 5-րդ խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոլզն է, իսկ որպես մարզիչ պորտուգալացին նշել է ինքն իրեն։

Հիշեցնենք, որ Նանին ու Ռոնալդուն միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Պորտուգալիայի հավաքականում։




Լուրեր թեմայից