Լրահոս

Հովհաննես Համբարձումյան․ Հույս ունեմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի

Հայաստանի ազգային հավաքականի և կիպրոսյան «Էնոսիս Պարալիմնիի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի պատճառով Կիպրոսում ստեղծված իրավիճակի մասին։

«Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո:

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»,- ասել է 29-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին առաջնություններում տիրող վիճակի մասին էին խոսել նաև գերմանական «Հոֆենհայմի» ռմբարկու Սարգիս Ադամյանը, ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիզիրը։

 




Լուրեր թեմայից