Լրահոս

Բաբայանն ու Կալիզիրը պատմել են Դանիայում և Շվեդիայում տիրող իրավիճակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Բաբայանն ու Անդրե Կալիզիրը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել են Դանիայում և Շվեդիայում տիրող վիճակի մասին։

Էդգար Բաբայան․ «Կորոնավիրուսը Դանիայում մեծ թափ է ստացել, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանները փակ են: Վիճակից ելնելով՝ գրեթե ամեն ինչ, այդ թվում` ֆուտբոլը, դադարեցվել է: Ներքին առաջնությունը կանգնել է, թիմային մարզումներ չեն անցկացվում: Ես մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շատ շուտ նահանջ կապրի, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն առօրյային»,- նշել է դանիական «Հոբրոյի» կիսապաշտպանը:

Անդրե Կալիզիր․ «Իրավիճակը Շվեդիայում բավականին բարդ է: Գարուն-աշուն ձևաչափով անցկացվող առաջնությունը պետք է սկսվեր ապրիլին, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվել է: Մեր թիմը նվաճել է նաև Շվեդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր, սակայն այդ մրցաշարը նույնպես հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսին: Մենք շարունակում ենք մարզումները, սակայն չեղարկել ենք բոլոր ընկերական հանդիպումները: Բոլորին մաղթում եմ քաջառողջություն»,- ասել է «Գյոթեբորգի» պաշտպան Կալիզիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայում և Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին պատմել էին ազգային թիմի խաղացողներ Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից