Լրահոս

Կարապետ Չալյան. Ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014թ. աշխարհի և 2009թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի գրառմանը: Անդրադառնալով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին լուրին՝ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դարձյալ քննադատել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհրդի որոշումը, որի համաձայն՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը:

«Աշխարհում կորոնավիրուսից արդեն 19000 մարդ է մահացել, միայն այսօր՝ 2000, Հայաստանում արտակարգ դրություն է, այսօր արդեն խստացված ռեժիմով, սակայն ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման, էլ չեմ ասում տնտեսական հետևանքների դարդ ու ցավի քննարկումը, նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով։

Որքան փոքրոգի կարող է լինել մարդը, որքան ոչ իր տեղում։ Օլիմպիադան դեռ կլինի, և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը։ Աստված պահապան մեր ազգին»,- գրել է Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանն օլիմպիական ուղեգիր էր նվաճել նախորդ տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած վարկանիշային աշխարհի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ:

Արսեն Ջուլֆալակյանի ու Կարապետ Չալյանի միջև նախորդ 4 գոտեմարտերում հաղթել է Չալյանը: 32-ամյա Ջուլֆալակյանը մասնակցել է Պեկին-2008, Լոնդոն-2012 և Ռիո-2016 Օլիմպիական խաղերին:




Լուրեր թեմայից