Լրահոս

Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը ճիշտ էր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարով հետաձգելու մասին որոշումը:

«Ինձ թվում է՝ ոչ միայն ես, այլ նաև ամբողջ մարզաշխարհը սպասում էր Օլիմպիական խաղերի հետաձգման մասին լուրին: Տարբեր մարզաձևերում ամեն ինչ խաթարվել էր: Կոնկրետ մարմնամարզությունում թե՛ որակավորման փուլերը, թե՛ տարբեր մրցաշարեր չեղարկվել էին: Ստեղծվել էր շատ խառը իրավիճակ: Եվ պարզ է՝ այսպիսի պայմաններում, երբ մարզիկը անգամ չի կարողանում մարզվել, դժվար թե որոշեին անցկացնել Օլիմպիական խաղերը: Քննարկում էին Խաղերն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը: Դա ինձ համար աբսուրդ էր: Միանշանակ, հետաձգման որոշումը ճիշտ էր: Այդպես էլ պետք է լիներ, այլ տարբերակի հետ համաձայն չէի լինի:

Օլիմպիական ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանի համար ավելի լավ եղավ, որ Խաղերը հետաձգվեցին, քանի որ ուսի շրջանում վնասվածք ուներ: Այժմ վերականգնման փուլում է: Կարծում եմ՝ նա ամբողջությամբ կվերականգնվի ու ավելի լավ կմասնակցի Խաղերին: Իսկ հիմա կարևոր է բոլորիս առողջությունը: Հավատանք, որ այս համաճարակը արագ կհաղթահարենք և կվերադառնանք մեր բնականոն կյանքին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր մրցավարների թվում:

Տոկիո-2020-ը նախատեսված էր անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն տեղի կունենա 2021 թվականի ամռանը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից