Լրահոս

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Նման որոշում է կայացվել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև բանակցությունների արդյունքում, գրում է Independent-ը:

Թոմաս Բախը, Սինձո Աբեն ու Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին մարտի 24-ին անցկացրել են հեռախոսային կոնֆերանս, որի ընթացքում որոշել են մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը:

«Ես պարոն Բախին առաջարկել եմ մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը։ Նա ինձ հետ լիովին համաձայն է»,- ասել է Սինձո Աբեն:

Մարտի 24-ին տեղի կունենա ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նիստը, որտեղ պաշտոնական որոշում կկայացվի։

Ավելի վաղ Ավստրալիայի և Կանադայի օլիմպիական կոմիտեները պաշտոնապես հայտնել էին, որ իրենց մարզիկները չեն մեկնի Օլիմպիական խաղերին, եթե մրցումները չհետաձգվեն: 

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

 

 




Լուրեր թեմայից