Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշչին ամրապնդեց առաջատարի դիրքերը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում մարտի 24-ին անցկացվեց 6-րդ տուրը։

Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթել է չինացի Դին Լիժենին և, տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, ամրապնդել առաջատարի դիրքերը։

Հոլանդացի Անիշ Գիրին սևերով առավելության է հասել ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի նկատմամբ, իսկ ռուս Ալեքսանդր Գրիշչուկի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի, ինչպես նաև չինացի Վան Հաոյի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

6-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին 4.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մաքսիմ Վաշյե Լանգրավը 3.5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Վան Հաոն, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին ու Ալեքսանդր Գրիշչուկը 3-ական միավորով կիսում են 3-6-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Հավակնորդների մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների: Բացի մասնակիցներից, դահլիճում ներկա են միայն հավատարմագրված լրագրողները։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շախմատիստների շփումը հնարավորինս սահմանափակված է։

Հավակնորդների մրցաշար հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել շախմատի համաշխարհային թագը:




Լուրեր թեմայից