Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Բեռնար Շալանդ

TopSports.am-ը սկսել է շարք՝ ներկայացնելով նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Շարքի երկրորդ հերոսը շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդն է, որն այժմ հաջողությամբ աշխատում է Կոսովոյի հավաքականում:

Հայկական ֆուտբոլը 2020 թվականը կարծես սկսում է նոր իրողություններում, որի դրսևորումներից էր հավաքականի մարզիչի նշանակումը: Մեկնարկած տասնամյակն իր գնահատականը կստանա ապագայում, սակայն հետահայացի անհրաժեշտությունը մշտապես առկա է, որպեսզի առանձնացվեն դրականը և չկրկնվեն սխալները: Իսկ այն, որ սխալները բազմաթիվ էին, ուղղակի ապացուցում է մարզչական նշանակումների հաճախականությունը: Մարզիչների դերը, նրանց ընտրության ճշգրտությունն առավելապես կարևորվում էին այն փաստով, որ երկարատև սպասումներից հետո ծնվել էր հավաքական, որը հաջողություններ գրանցելու ներուժով էր օժտված: Այդ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականն ունեցավ ընդամենը մեկ մարզիչ, որն աշխատեց մինչև պայմանագրի ավարտը: Հետևապես, գործընթացը չէր ամբողջանում, քանի որ յուրաքանչյուրը սկսում էր իր կետից և այն ընդհատում կես ճանապարհին: Անհնար է շրջանցել, որ այդ ամենի հետ մեկտեղ, կարելի է համարել, որ հավաքականը մեկ անձի կողմից երկար տարիներ պատանդի կարգավիճակում է պահվել:

Ինչպիսի նախադրյալներ և հնարավորություններ էին առկա, որքանով էին որոշումներից յուրաքանչյուրն արդարացված, ինչպիսի դրական և բացասական ազդեցություն էր ունենանում այդ ամենը: Նախկինում բազմաթիվ հարցեր մնում էին անպատասխան և այդ մոտեցումն առկա էր ֆուտբոլի տարբեր ղեկավարների օրոք: Մասնավորապես մարզիչների հրաժարականների կամ հեռացումների դեպքում պատշաճ պարզաբանումներ չէր լինում, հետևաբար չէր լինում հաշվետվություն կայացրած որոշումների համար: Զավեշտանքի հասնող ցուցիչ է, բայց իբրև հավաքականին զարգացում ապահովող հրամցված մարզիչներից շատերը մարզչական և առհասարակ ակտիվ ֆուտբոլային գործունեությամբ չեն զբաղվում այլևս: Թեև յուրաքանչյուր մարզիչ ուներ իր առանձին պատմությունը, շղթայական դիտարկման է արժանի, թե հավաքականն ինչպես սկսեց և ուր հասավ տասնամյակի վերջում:

1111.jpg (40 KB)

Նշանակում #2. Բեռնար Շալանդ

Վարդան Մինասյանի հեռանալուց հետո ՀՖՖ ղեկավարը կրկին խոսեց արտասահմանցիների օգնությանը դիմելու անհրաժեշտության մասին: Չնայած խմբում զբաղեցրած ցածր դիրքին, հավաքականի միավորների քանակը և դասակարգման աղյուսակում աննախադեպ բարձր դիրքը դրական ու հուսադրող երանգներ էր հաղորդել ապագայի համար: Այդպիսի հավաքականի ղեկին ֆուտբոլային հանրությունը ցանկանում էր տեսնել բարձրակարգ և անվանի մասնագետի, որը ունակ կլիներ զարգացում ապահովել՝ լուծելով առաջադրված խնդիրները: Դա առաջին հերթին կապված էր նորարական՝ Եվրո-2016-ի ընդլայնման հետ, որի շնորհիվ խմբից որակավորվելու հնարավորություն էին ստանալու միանգամից 3 հավաքական: ՀՖՖ նախագահը նման հնարավորությունից չօգտվելը գրեթե հանցագործություն էր որակում: Երկար ժամանակ որոնումների վրա անցկացնելուց հետո բազմաքանակ օտարեկրացիների ցանկից ընտրվեց քիչ հայտնի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Այդ նորությունը շոշափելի հիասթափություն առաջացրեց երկրպագուների շրջանում՝ չնայած բոլոր հավաստիացումներին, որ ընտրվել է լավագույն տարբերակը: Ի սկզբանե գերիշխում էր կարծիքն առ այն, որ շվեյցարացին չէր այն յուրահատուկը, որն անհրաժեշտ էր հավաքականին, և որի հետ կարելի էր լուծել դրված խնդիրը: Ընկերական խաղերով սկիզբ առած աշխատանքը վերհանեց բոլոր այն անտեսված խնդիրները, որոնց մասին խոսվում էր տարիներ շարունակ: Թեև արդյունքերի առումով Շալանդի ժամանակաշրջանը բավականին թույլ էր, սակայն այդքան էլ միանշանակ չէր ընդհանուր առմամբ: Առաջատարների անհամար վնասվածքները Շալանդին այդպես էլ հնարավորություն չտվեցին խաղալ ամբողջական և լավագույն մարզավիճակ ունեցող կազմով: Զուգահեռաբար գործում էին մի շարք ֆուտբոլիստների հրավերների վրա դրված արգելքներ և անգամ մարզիչի արտասահմանցի լինելը չէր կարողանում խոչընդոտել այդ ամենին: Շալանդը հրապարակային հայտարարում էր կազմի և տակտիկական դասավորության իր պատկերացնումների մասին, բայց ստիպված էր խուսանավել՝ քողարկելով չիրականացման իրական պատճառները:

Եվրո-2016-ի ընձեռված հնարավորությունը կարծես թելադրում էր մարզիչի աշխատանքի գնահատման ցուցիչ դարձնել խմբից դուրս գալ-չգալը: Դա լինելու էր անկախ մարզիչի ով լինելուց և նրա կարգից: Այդպես էր երկրպագուների տրամադրվածությունը՝ ամրապնդված ղեկավարության դրված խնդիրներով: Շալանդն աշխատում էր հասարական ահռելի ճնշման տակ և այդ ճնշումը ոչ միայն նրա վրա էր գնալով ծանրանում, այլև ՀՖՖ նախագահի, որը շվեյցարացուն հրավիրելու, ինչպես նաև դրա արդյունքների գլխավոր պատասխանատուն էր:

41678.jpg (29 KB)

Իրականում, Եվրոպայի առաջնությունում հավաքականին անպայման տեսնելը խանգարում էր նկատել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, ինչպես նաև մարզիչի ջանասիրությունը: Շալանդը թերևս հավաքականի այն սակավաթիվ մարզիչներից էր, որի աշխատանքը, մտահղացումները համակարգված էին: Այն բնավ խաղի ստացվել-չստացվելու տրամաբանության մեջ չէր, ինչպես հաճախ էր լինում նախկինում: Պատահականության սկզբունքը նվազել էր թե դրական, թե բացասական առումով: Մասնավորապես, մարզիչը մատնանշում էր շուրջ 70 րոպե հաջող խաղալու հանգամանքը և, իսկապես, հավաքականը 4 պաշտոնական խաղերի այդ ժամանակահատվածում վաստակած 10 միավորով միանձնյա գլխավորում էր պատկերավոր աղյուսակը: Իսկ ահա վերջին 20 րոպեները հավաքականից խլեցին 9 միավոր ու միավորների քանակը սահմանափակվեց լոկ մեկով:

Որպես փորձառու մասնագետ՝ Շալանդը միանգամից վերհանեց պաշտպանությունում առկա խնդիրը և լուծման տարբերակները: Նրա եզրահանգումը պաշտպանների թվի ավելացումն էր, որի արդյունքում մարզիչը կարճ ժամանակում անցավ 5 պաշտպանով դասավորությանը: Մտահղացումը մոտ էր իրականանալուն խաղերից յուրաքանչյուրում, մրցակիցներին ամենևին հեշտ չէր խաղալ Հայաստանի դեմ՝ նույնիսկ սեփական դաշտում: Պարտություններ գրանցվում էին, սակայն միայն նվազագույն հաշվով և ոչ ավելի, քան երկու գոլ բաց թողնելով: Սա ի տարբերություն ընկերական խաղերին, որոնցում բազմաթիվ գոլեր էին արձանագրվում: Ֆուտբոլիստների կադրային ու մարզավիճակի հետ կապված ճգնաժամի պայմաններում, պաշտպանական փոխեփոխ դերակատարներով համակարգը շատ գոլեր չէր ընդունում, իսկ լինելու պարագայում դա լինում էր միայն վերջնամասում, բայց նաև տարբեր ձևափոխումներով հարձակվողական օղակը առավելագույնը մեկ գոլ էր կարողանում խփել: Սա, իհարկե, օրինաչափություն էր, քանի որ տեղի էր ունենում բոլոր խաղերում: Կարելի է եզրահանգել, որ Շալանդի կողմից ներդրվել էր մեխանիզմ, որը որոշ ուղղություններով աշխատում էր, որոշներում՝ ոչ, բայցևայնպես, այն առկա էր: Հետևապես ախտորոշումը կատարված էր, աշխատանքի ուղղվածությունը հայտնի էր տարբեր ուղղություններով, իսկ հաջորդ քայլը պետք է լիներ շտկման գործընթացը: Սա, իհարկե, կենսունակ կլիներ երկարաժամկետ հեռանկարի, ընդհանուր զարգացման մեջ դիտարկելիս, իսկ մինչև այդ ուժի մեջ գտնվող առաջադրված մրցաշարային խնդրի լուծումը հեռանում էր խաղից խաղ:

challandes.jpg (21 KB)

Ապուրը մնաց հում: Հավաքականի շուրջ ծավալվող գլխավոր իրադարձությունները կրկին դուրս եկան խաղադաշտից և տեղափոխվեցին մեղավորների փնտրտուքի դաշտ: Բնականաբար, դրական քիչ բան կարելի է գտնել, երբ վաստակած միավորը մեկն է, հաղթանակ է գրանցված միայն նորամուտի խաղում համեստ մրցակցի նկատմամբ, իսկ մնացածը՝ պարտություններ են: Այնպես ստացվեց, որ իր քայքայիչ գործելաոճը քողարկելու ու մեղավորության իր բաժինը չընդունելուց դրդված Ռուբեն Հայրապետյանը հարձակման անցավ՝ մեղադրելով ում կարող էր. երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին և այդպես շարունակ: Թեև դեռ մրցափուլի միայն առաջին կեսն էր ավարտվել, այդուհանդերձ, Շալանդը հեռացվեց ուղեգիր չնվաճելու համար: Իսկ Ալբանիայի դեմ արտագնա հանդիպումը փաստացի այն հավաքականի վերջի սկիզբն էր, որին բոլորը սովոր էին տեսնել:

Շալանդի աշխատանքի օգտակարությունը շատ ավելի ցայտուն արտացոլվեց ապագայում կատարվածի համեմատության մեջ: Վստահաբար կարելի է պնդել, որ շվեյցարացի մարզիչի հեռացումը դրական ոչինչ չտվեց, այլ հակառակը: Թեկուզև ուղեգիր չնվաճելու դեպքում գերադասելի էր նրա գործունեության շարունակությունը ու ծրագրերն ավարտին հասցնելը: Այսպիսով, մինչ Հայաստանի հավաքականը թաթախված էր իր խնդիրների մեջ, Շալանդը Կոսովոյի հավաքականի հետ առանց որևէ կողմնակի բիրտ միջամտության, պայքարում և շատ մոտ է Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուն:

Արեգ Մուրադյան

Կարդացեք նաև՝ «Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան»




Լուրեր թեմայից