Լրահոս

Տասնամյակի մարզչական նշանակումները. Վարդան Մինասյան

TopSports.am-ը սկսում է շարք՝ ներկայացնելով նախորդ տասնամյակի բոլոր մարզչական նշանակումները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Առաջին հերոսը Վարդան Մինասյանն է, որն այժմ գլխավորում է «Արարատ-Արմենիան»:

Հայկական ֆուտբոլը 2020 թվականը կարծես սկսում է նոր իրողություններում, որի դրսևորումներից էր հավաքականի մարզիչի նշանակումը: Մեկնարկած տասնամյակն իր գնահատականը կստանա ապագայում, սակայն հետահայացի անհրաժեշտությունը մշտապես առկա է, որպեսզի առանձնացվեն դրականը և չկրկնվեն սխալները: Իսկ այն, որ սխալները բազմաթիվ էին, ուղղակի ապացուցում է մարզչական նշանակումների հաճախականությունը: Մարզիչների դերը, նրանց ընտրության ճշգրտությունն առավելապես կարևորվում էին այն փաստով, որ երկարատև սպասումներից հետո ծնվել էր հավաքական, որը հաջողություններ գրանցելու ներուժով էր օժտված: Այդ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականն ունեցավ ընդամենը մեկ մարզիչ, որն աշխատեց մինչև պայմանագրի ավարտը: Հետևապես, գործընթացը չէր ամբողջանում, քանի որ յուրաքանչյուրը սկսում էր իր կետից և այն ընդհատում կես ճանապարհին: Անհնար է շրջանցել, որ այդ ամենի հետ մեկտեղ, կարելի է համարել, որ հավաքականը մեկ անձի կողմից երկար տարիներ պատանդի կարգավիճակում է պահվել:

Ինչպիսի՞ նախադրյալներ և հնարավորություններ էին առկա, որքանո՞վ էին որոշումներից յուրաքանչյուրն արդարացված, ինչպիսի՞ դրական և բացասական ազդեցություն էր ունենում այդ ամենը: Նախկինում բազմաթիվ հարցեր մնում էին անպատասխան և այդ մոտեցումն առկա էր ֆուտբոլի տարբեր ղեկավարների օրոք: Մասնավորապես, մարզիչների հրաժարականների կամ հեռացումների դեպքում պատշաճ պարզաբանումներ չէր լինում, հետևաբար չէր լինում հաշվետվություն կայացրած որոշումների համար: Զավեշտանքի հասնող ցուցիչ է, բայց իբրև հավաքականին զարգացում ապահովող հրամցված մարզիչներից շատերը մարզչական և առհասարակ ակտիվ ֆուտբոլային գործունեությամբ չեն զբաղվում այլևս: Թեև յուրաքանչյուր մարզիչ ուներ իր առանձին պատմությունը, շղթայական դիտարկման է արժանի, թե հավաքականն ինչպես սկսեց և ուր հասավ տասնամյակի վերջում:

Նշանակում 1. Վարդան Մինասյան

Հավաքականի ամենավառ տասնյամյակը սկսվեց հայ մարզիչի հետ, որին նախորդած տարիներն անցնում էին մի շարք արտասահմանցի մարզիչներ նշանակել-հեռացնելով: Հավանաբար, հոգնելով այդ ամենից, որոշվեց արտասահմանցիների հետ անգամներ օգնականի և պաշտոնակատարի կարգավիճակ ունեցած Վարդան Մինասյանին վստահել թիմի ղեկը: Դա գուցե պայմանավորված էր նրանով, որ ավելի ու ավելի արտասահմանցի մարզիչներ էին բացեիբաց սկսում խոսել Ռուբեն Հայրապետյանի կողմից իրենց աշխատանքին բիրտ միջամտելու մասին:

Հերթական մրցափուլը սկսվեց առանց մեծ ակնկալիքների, բայց երրորդ տուրում Սլովակիային հաղթելուց հետո ոգևորությունն այնքան էր մեծացել, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նորածին հույսը դարձել էր ապրելակերպ: Հավաքականին միացած երիտասարդները և արտասահմանում ծնված հայ ֆուտբոլիստները Մինասյանի հետ համատեղ ուժերով ստիպեցին հին մայրցամաքում խոսել Հայաստանի մասին: Ի վերջո, ուղեգրի համար մինչև վերջ պայքարող և մի շարք աննախադեպ արդունքեր գրանցած երիտասարդ հավաքականն արժանացավ «ոսկե սերունդ» կոչմանը:

Համազգային հպարտություն դարձած հավաքականը կրկին Վարդան Մինասյանի գլխավորությամբ մոտեցավ հաջորդ մրցափուլին, որը սպասելիքների առումով ամենևին չէր զիջում նախորդին: Սա առաջին դեպքն էր հավաքականի պատմության մեջ, երբ մարզիչը հնարավորություն էր ստանում անցկացնել նաև երկրորդ մրցափուլը: Սակայն արդեն գարնանային հատվածում գույներն ամենևին վառերից չէին: Անկանոն արդյունքներին ու երբեմնի կուռ ճամբարից ստացվող ոչ դրական լուրերին, հետևեց նույնիսկ գլխավոր մարզիչի հրաժարականի հայտարարությունը, որը, սակայն, ղեկավարության կողմից չընդունվեց: Դրան հաջորդեցին հավաքականի կատարմամբ ևս մի շարք վառ հաղթանակներ, ինչը մեծապես ազդեց բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և ապագային լավատեսորեն տրամադրվելուն: Վարդան Մինասյանը, նախապես հայտարարվածի համաձայն մրցափուլի ավարտից հետո հեռացավ, ուղեգիր նվաճելու երազանքը թողնելով հաջորդներին:

Vardan-Minasyan-50.jpg (116 KB)

Երկարակյացը. Վարդան Մինասյանի պաշտոնավարումը թվերով արտահայտելիս կստանանք աննախադեպ և դժվար գերազանցելի պատկեր: Խմբում երրորդ տեղ գրավելը, խոշոր և ուժեղ մրցակիների նկատմամբ գեղեցիկ հաղթանակները, հավաքականների դասակարգման աղյուսակի լավագույն 40-ում տեղ գտնելն անմոռանալի պահերից էին: Այս հաջողություններն ունեին նաև իրենց հակառակ կողմը. անտեսվում էին առկա խնդիրները, բացթողումների մատնանշումը խլացվում էր հաղթանակները շահարկելով, սխալների ընդունումը և շտկումը գործնականում բացակայում էր: Նախկին բարքերը ևս իր չարաբաստիկ դերը խաղացին հավաքականի հետ, ինչի պատճառով զարգացման փոխարեն մաշվում էր եղածը: Թիմը մեծապես կախված էր անհատների գործողություններից, իսկ փոխարինողների պատրաստման, ինչպես նաև խնդիրների լուծման երկրորդ, երրորդ տարբերակների որոնումները միարժեք չէին: Այդպես հավաքականը կարող էր տանը սեփական երկրպագուների աչքի առաջ պարտվել Մալթային և օրեր անց օտար երկրպագուների ծափահարությունների ներքո ջախջախել Դանիային: Այդ պատճառով մինասյանական տարիներին միանշանակ մոտեցում չի գտնվում. մի կողմից աննախադեպ արդյունքներ գրանցվեցին, մյուս կողմից էլ նրան բաժին էր հասել լավագույն ֆուտբոլիստներով ժամանակաշրջան, որի իրական ներուժը մնաց անհայտ: Հեռանալուց հետո Վարդան Մինասյանը ստիպված էր Ռուսաստանի հետ խաղի համար ևս մեկ խաղով վերադառնալ, բայց հավաքականը բավականին թույլ խաղով պարտություն կրեց:

Մինասյանի օրոք հավաքականը ձեռք բերեց ցանկացած մրցակցի հաղթելու, լրջագույն խնդիրներ լուծելու ունակ լինելու վստահության, իսկ ապագա մարզիչին ժառանգվեց գեղեցիկ թվերով, բայց կայունության բացակայությամբ, բազմաթիվ ճեղքերով ու չլուծված խնդիրներով հավաքական, որը համակարգվածության խնդիր ուներ:

929388.jpg (33 KB)

Նշանակում #6

Վարդան Մինասյանի հեռանալուց հետո շատ ջրեր էին հոսել հայկական ֆուտբոլում, իսկ հավաքականում շատ մարզիչներ էին եկել-գնացել: Հայաստանն ապրում էր հեղափոխական կյանքով, որից ֆուտբոլը ևս անմասն չմնաց և ակնհայտ էր, որ հայրապետյանական դարաշրջանին հաշված օրեր են մնացել: Նրա վերջին գործողություններից էր Վարդան Մինասյանի վերադարձը և որն ավելի անսպասելի էր՝ հավաքականի դռների բացելը գրեթե բոլորի առաջ: Այդպես, երկար տարիներ բոլորի համար փակ թեմա համարվող Յուրա Մովսիսյանը հասանելի դարձավ բացառապես Մինասյանի համար: Հաշվի առնելով նախկինում վաստակած համբավը՝ Մինասյանի կողմից բավական ռիսկային էր երկրորդ մոտեցումը. սեղանին դրված էր հաղթողի համբավը կորցնելը: Մյուս կողմից, չնայած ժամանակի սղությանը, ստեղծվել էին գայթակղիչ պայմաններ՝ օգտվելու հերոսանալու աննախադեպ հնարավորությունից, որն ընձեռել էր Ազգերի լիգան: Խնդիրը պարզ էր՝ խաղալ ավելի լավ, քան Մակեդոնիան: Անշուք ընկերական խաղերից հետո Մինասյանը մեկական հաղթանակով և պարտությամբ հեռացավ: Թեև նա խոսում էր մակեդոնացիներին հաղթելու մասին, բայց նույնիսկ ցանկալի ու բարվոք արդյունք համարվող ոչ ոքիի փոխարեն եղավ պարտություն, այն էլ անհարմար՝ երկու գոլի տարբերությամբ, որը պետք է շտկվեր տնային խաղում:

l-YvY5qkm5db.jpg (151 KB)

Հրաշագործ չէր. Առեղծվածային հեռանալը ուղեկցվեց հրաժարականի մասին միմյանց հակասող հայտարարություններով: Մինասյանի վերադարձի դրական կողմը կարելի է համարել նրա անձի շուրջ չափազանցված սպասումների մարումը: Նրա դեպքում երկրպագուների մի մասը գտնում էր, որ մարզիչը պարզապես ճիշտ ժամանակին էր հայտնվել հավաքականում և դրանով էին պայմանավորված հաջողությունները: Մյուս մասը հենց մարզիչին էր համարում հաջողության գրավականը և պնդում՝ նրա վերադարձի դեպքում հավաքականը կսկսի նախկինի պես ջախջախել մրցակիցներին: Հայկական ֆուտբոլում կատարվող փոփոխություններին զուգահեռ Մինասյանը չավարտեց մրցափուլը և կրկին անհայտ մնաց, թե ինչպիսի տեսք կունենար մրցաշարային աղյուսակը, եթե նա մնար կամ ընդհանրապես, եթե նախորդ մարզիչը մնար: Երկխաղանոց վերադարձը ոչ կատարյալ ձախողում կարելի է համարել, ոչ հմուտ ղեկավարում: Իսկ խնդիրը մնում էր նույնը՝ հետագայում ևս ունենալ գլխավոր մրցակցից ավելի լավ արդունք:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ, «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից