Լրահոս

Լոնդոն. Կորյուն Սողոմոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հաղթանակով մեկնարկեց Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում և նվաճեց Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում մրցեց Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (69 կգ): Բազեյանը նույնպես հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր: 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին նախատեսված մենամարտերի ավարտից հետո մրցաշարը կդադարեցվի կորոնավիրուսի տարածման պատճառով։ 

Մարտի 16-ին պայքարի մեջ էր մտել նաև Արման Դարչինյանը (75 կգ), որը մեկնարկել էր հաղթանակով, իսկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) պարտվել էր մեկնարկային մենամարտում և զրկվել օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Նախօերին հաղթանակով էին մեկնարկել Անի Հովսեփյանը (69 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ) և Նարեկ Մանասյանը (91 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ էր մտել Արթուր Բազեյանը (57 կգ), որը նույնպես հաղթանակով էր մեկնարկել:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 10 բռնցքամարտիկներ: Հովհաննես Բաչկովի (63 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանի (+91 կգ) մեկնարկային մենամարտերը նախատեսված էին անցկացնել մարտի 17-ին:

Կորյուն Սողոմոնյանը նվաճեց Հայաստանի չորրորդ ուղեգիրը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում: Մինչև այս Հայաստանն ուներ 3 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկը՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան):

Ֆոտո՝ ԲՀԱՖ




Լուրեր թեմայից