Լրահոս

Բարբարոսություն «Էնֆիլդում»

Karen Poghosyan
կայքում

«Լիվերպուլ» - «Ատլետիկո Մադրիդ» խաղից հետո բավականին բուռն կերպով քննարկվում էր մադրիդցիների՝ հաղթանակին արժանի չլինելու կարծիքները, հատկապես բարկացած էր Մայքլ Օոունը, ով վրդովված փորձում էր ապացուցել, որ «Ատլետիկոն» չպետք է անցներ հաջորդ փուլ:

Ի՞նչ է նշանակում՝ արժանի չէր հաղթանակի, միշտ, միշտ հաղթում է արժանին, եթե պարտվել ես, ուրեմն ամեն ինչ չես արել հաղթանակի համար, իսկ եթե ամեն ինչ արել ես, ուրեմն իմացիր՝ ամեն ինչը բավական չէր, ամեն ինչից ավելին էր պետք անել:

Խաղի սկիզբը և «Լիվերպուլի» 82 րոպե գերազանց ֆուտբոլը

Կլոպը 82 րոպե ուղղակի ջախջախում էր Սիմեոնեի պաշտպանությունը: «Լիվերպուլը», ի տարբերություն առաջին հանդիպմանը, իր դասական ձևը թողել էր մի կողմ, քանի որ Սիմեոնեի «Ատլետիկոն» գերազանց պատրաստ էր դասական «Լիվերպուլին», ինչը ցույց տվեց առաջին հանդիպումը: Մի խոսքով, մադրիդցիները ստիպեցին մերսիսայդյան ակումբին խաղալ իր մաքսիմումի վրա: Կլոպը խաղում էր 4-3-3 սխեմայով, բայց կարևոր վերապահումով. 

Օքսը խաղում էր հարձակման աջ կողմում: Որպեսզի ավելի պատկերավոր հասկանաք Կլոպի գաղափարը, այսպես ասեմ. Օքսը, դա ինչպես Կևին դե Բրույնեն «Ման Սիթիում», այն դեպքերում, երբ Կևինը տեղափոխվում էր կիսաեզր ու այնտեղ ստեղծում թվային առավելություն: Այս պարագայում Սալահ – Օքս – Տրենտ եռյակը տարբեր եռանկյունիներ էին խաղարկում աջ եզրում ու սպառնալիքների մեծ մասը հենց այդ կողմից էր գալիս: Կարծում եմ՝ կարևոր դեր խաղաց Օքսի՝ «Արսենալի» ժամանակներում եզրում խաղալու փորձը: Այս եռյակի դերերը ամեն անգամ փոխվում էին, այդ էր պատճառը, որ «Ատլետիկոն» դրան հակախաղ չգտավ:  Ընդհանրապես, այս խաղում Օքսի ցուցանիշները տպավորիչ էին՝ 100% հաղթանակ մենապայքարներում, 82% փոխանցումների ճշգրտություն. 6 հարված (2 -ը դարպասին), 3 գնդակի խլում և սրան էլ ավելացնենք 1 գոլային փոխանցում: «Լիվերպուլը» ընդհանուր առմամբ 64 օդային փոխանցում է կատարել «Ատլետիկոյի» տուգանային հրապարակ:

82-րդ րոպեից խաղի վերափոխումը

82-րդ րոպեին Յուրգեն Կլոպը փոխարինեց Օքսին՝ խաղադաշտ մտցնելով Միլներին, վերջինս զբաղեցրեց Վեյնալդումի դիրքը, իսկ Վեյնալդումը տեղափոխվեց Օքսի դիրք: Փոխարինման պատճառը, կարծում եմ, Օքսի հոգնածությունն է եղել, բայց այ Վեյնալդումին այնտեղ տեղափոխելը այդքան էլ ճիշտ որոշում չէր՝ չնայած նրա գոլային փոխանցմանը: Հոլանդացին իր նախկին դիրքից շատ ավելի վտանգավոր էր՝ հանկարծակի տուգանային հրապարակ ներխուժումներով, իսկ Միլները շատ հաջող կարող էր խաղալ Օքսի դիրքում մրցակցի հոգնածության ֆոնի վրա:

Սիմեոնեն, ով 2-րդ խաղակեսում Կոստային փոխարինեց Լյորենտեով, նպատակ ուներ ավելի հագեցնել պաշտպանության ձախ եզրը, քանի որ վերջինս զբաղեցնելու էր Կոկեի դիրքը, իսկ Կոկեն միացավ այդ եզրի փարթիին:

Խաղի եզրափակիչ հատվածը

Կլոպը, միանշանակ, երկրորդ խաղում տակտիկապես հաղթեց մրցակցին, նրա այդ որոշումը՝ Օքսին տեղափոխել հարձակման աջ կիսաեզր, հոյակապ էր, ինչին մրցակիցը պատասխան չգտավ:

Ստեղծած բազմաթիվ գոլային պահերից ու ահռելի առավելությունից 90 րոպեների ընթացքում ընդամենը մեկ գնդակ... Օբլակը հոյակապ էր, իսկ  Ադրիանը Ալիսսոն չէ, բայց միայն «Ատլետիկոն» կարող է այդքան դիմանալ նման ճնշմանը ու մի սխալի համար պատժել: Նրանք գիտեին, որ նման պահ լինելու է, ու սպասում էին դրան, «Լիվերպուլը» միայն իրեն կարող է մեղադրել, որ, ունենալով այդքան պահեր, չկարողացավ 90 րոպեների ընթացքում երկրորդ անգամ գրավել «Ատլետների» դարպասը:  Ուղղակի «Լիվերպուլի կազմում» Ռոնալդու չկար...

Հիվանդացեք միայն ֆուտբոլով.       Հեղ. Կարեն Պողոսյան




Լուրեր թեմայից