Լրահոս

Հակոբ Սերոբյանը՝ 3-րդ անգամ Օլիմպիական խաղերի մրցավար ընտրվելու և Արթուր Դավթյանի վնասվածքի մասին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը երրորդ անգամ Օլիմպիական խաղերում կաշխատի որպես մրցավար: Միջազգային մրցավար Սերոբյանն ընդգրկվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի էլիտար մրցավարների թվում:

TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում մարզիչը խոսել է այդ մասին, ամփոփել է Թբիլիսիում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքը և պատմել, որ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողություններ են իրականացվել Վրաստանի մայրաքաղաքում:

«Թբիլիսիում հավաքը բավականին լավ անցավ: Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողություններ, իհարկե, իրականացվել են: Մարզադահլիճ մուտք գործելիս բժիշկը ստուգում էր մեր ինքնազգացողությունը, ինչից հետո միայն շարունակում էինք մարզումները: Ամեն բան լավ է:

Օրերս տեղեկացա, որ արդեն երրորդ անգամ հրավիրվել եմ սպասարկելու Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարը: Առաջին անգամ հրավիրել էին 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հետո՝ Ռիո-2016-ին: Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը նոր փորձություն կլինեն: Տարբեր տեսակի մրցավարներ կան, նախորդ խաղերում ես միջին մակարդակի սխալներն էի դատում, բայց կան նաև այլ տեսակի մրցավարներ, որոնք դասվում են էլիտար մրցավարների շարքին: Նրանք մոտ 10 հոգի են, որոնց ընտրությունը կատարվում է վերջին չորս տարիների ընթացքում բարձրակարգ մրցաշարերում կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա: Այդ ընտրությունը կատարում են ոչ թե մարդիկ, այլ հատուկ համակարգը, որն, ընդհանուր արդյունքներն ամփոփելով, կայացնում է որոշում: Շատերն են երազում տեղ գտնել այդ տասնյակում, և Օլիմպիական խաղերում դատել վարժությունների կատարումները: Բացի դրանից, այդպիսի մրցավարներին լավագույն պայմաններն են տրամադրում, ինչպես նաև բարձր վարձատրություն»,- ասաց մարզիչը:

1166.jpg (224 KB)

Հակոբ Սերոբյանի խոսքով, նա աշխատանքի առաջարկ է ունեցել նաև Եվրոպական ֆեդերացիայից, սակայն հրաժարվել է.

«Վերջերս ստացել էի Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեում աշխատելու առաջարկ, սակայն հրաժարվեցի մի քանի պատճառներով: Հիմնական պատճառն այն էր, որ այնտեղ ընդգրկվելու դեպքում կտուժեր մարզչական գործունեությունս, ժամանակիս մեծ մասը պետք է տրամադրեի այդ գործին, իսկ ես այնպիսի մարդ եմ, ով, իրոք, սիրում է մարզչական աշխատանքը: Եվ երկրորդ՝ անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն մանրակրկիտ բացատրություններ տալու համար: Ես տիրապետում եմ անգլերենին, ունեմ մասնագիտական բառապաշար, բայց դա լեզվի իմացության այն բարձր մակարդակը չէ: Շատ քչերն են համատեղում մարզչական գործունեությունը և մրցավարական աշխատանքը: Մեծամասամբ, ընտրում են մեկ ուղղություն»,- ասաց նա:

3465.jpg (260 KB)

Մարզիչն անդրադարձավ նաև Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանին, որը վերջերս Հայաստանի առաջնությանը մասնակցել էր վնասվածքով:

«Արթուր Դավթյանին շատ է անհանգստացնում իր՝ նախկինում ստացած վնասվածքը: Եթե Դոհայում կայանալիք աշխարհի գավաթը չհետաձգվեր, ես թույլ չէի տա կատարեր հենացատկի վարժությունը: Ճիշտ է՝ կկատարեր, բայց այդ քայլով էլ ավելի կբարդացներ իրավիճակը: Նրա և մյուսների առողջությունը շատ կարևոր է: Արթուր Թովմասյանը պետք է վիրահատվի, մեկ տարի, երևի, չի կարողանա մարզվել, իսկ Արթուր Ավետիսյանի մոտ ուսն է վնասված: Ամենալավ վիճակում Վահագն Դավթյանն էր, որը կարող էր մասնակցել մրցաշարին, բայց նա էլ ունի խնդիր, որին պետք է ևս ուշադրություն դարձնել:

Մարտի 26-30-ը Կիևում կկայանա միջազգային լուրջ մրցաշար, որին կմասնակցի մոտ 35 երկիր: Մենք նույնպես մասնակցելու ենք: Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ մրցաշարը կանցկացվի առանց հանդիսականների: Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածումը՝ կարող էինք չգնալ, ուղղակի վաղուց ամրագրել էինք տոմսերը և այլ ծախսեր կատարել: Եթե մինչև այդ իրավիճակը չբարդանա, կգնանք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված են անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այս պահին Հայաստանն ունի 3 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկը՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան):

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից