Լրահոս

Կանխավարկածը՝ լավատեսություն

Ֆուտբոլային հանրությունը հերթական բարի գալուստը հայտնեց ազգային թիմի նոր առաջնորդին: Նախանշվածի համաձայն՝ ընտրությունը կանգ առավ իսպանացի մասնագետի վրա, որը շրջանառվող թեկնածուներից գուցե առավել գերադասելին էր: Թեև Խոակին Կապարոսը «երաշխավորված հաջողություն» ապահովողների շարքին չի դասվում, բայց կենսագրականը բավականին հագեցած է, թեև այնտեղ առկա չէ հավաքականների հետ աշխատանք:

Հայկական ֆուտբոլի և Հայաստանի հավաքականի մշտական խնդրահարույց կետերից էր հավաքականի մարզիչների նշանակման հարցը, որը սովորաբար կարճատև կյանք էր ունենում: Սա նախորդ տասնամյակի կտրվածքով մարզչական արդեն 9-րդ նշանակումն էր, ինչի մեջ դրական քիչ բան կարելի է տեսնել: Հայ ֆուտբոլասերների համար սովորական էր դարձել մշտական սպասումների, փնտրտուքի, անունների որոնման, նորանշանակների գնահատման և հրաժեշտների շրջապտույտը, որի մեջ հայտնվում էին նաև հավաքականի անդամները: Հայաստանի հավաքականի մարզիչներն այնքան հաճախ էին փոխվում, որ տարվա մեջ հավաքականը նույնիսկ ունենում էր երեք տարբեր մարզիչներ: Եթե ավելի հետ գնանք և դիտարկենք 20 տարվա կտրվածքով, ապա պատկերն առավել մթագնած կլինի. մոտ 20 մարզիչ՝ նույնքան տարում: Սա, իհարկե, հաջողության գրավական չի կարող լինել, այլ ճիշտ հակառակը և խոսում է կառավարման որակի մասին:

ՀՖՖ նորընտիր նախագահը և ֆեդերացիան հայացքներն ուղղեցին դեպի արտասահման, որին այլընտրանք չկար այս պահին: Խոակին Կապարոսի հետ պայմանագիրը կնքվեց մինչև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը և հընթացս կներառի նաև Ազգերի լիգան: Նշանակման լավագույն գնահատականն ավանդաբար տալիս է ժամանակը, բայց արդեն կարելի է դրականը ծաղկաքաղ անել: Առաջին հերթին, իսպանացին՝ իբրև նոր անձ հայկական ֆուտբոլում, հավաքականի բոլոր թեկնածուներին կվերաբերի առանց որևէ կանխակալության և կարծրատիպերի, ինչը շատ դեպքերում բացակայում էր նախկինում: Այդպիսով, ավելի կմոտիվացվեն հենց թեկնածուները, իսկ երկրպագուները հավաքականի կազմավորումը կդիտարկեն իբրև մարզիչի ներքին համոզմունք՝ կապված բացառապես ֆուտբոլիստների պատրաստվածությամբ և ըստ մարզավիճակի:

Անվստահության այն խորը զգացումը, որը հանրության մոտ առկա էր նախկին նշանակումների վերաբերյալ, կվերանա, ինչը ևս դրական հանգամանք է: Իսպանացու ժամանումը, նրա թեկնածությունը կարող է քննարկման առարկա դառնալ մասնագիտական կամ բովանդակային տեսանկյունից, բայց զուրկ է լինելու անվստահության մթնոլորտից: Անցած տասնամյակում նշանակված շատ մարզիչների հանդեպ վստահությունը եղել է մասամբ, լավագույն դեպքում կիսով չափ: Նույնիսկ Հայաստանում լավագույններ համարվող Մինասյանի և Խաշմանյանի դեպքերում անվերապահ տեսակետ չկար և պատկերացնելի է մնացածների հարցում ինչպիսի իրավիճակ էր:

Վստահության մթնոլորտի պայմաններում այլ կերպ են ընկալվում նաև մարզիչների դիտարկումները: Երբ գերիշխում է տեսակետը, որ որևէ մասնագետ ակնհայտորեն չի համապատասխանում հավաքականի մակարդակին, հռչակված նպատակներին, ապա նրա խոսքը հաճախ ընդունվում է որպես պատրվակ՝ արդարանալու համար, քողարկելու սեփական անկարողությունը: Այդ դեպքում արագ սպառվում է անճնշում աշխատելու պաշարը, տրիբունաներում հայտնվում են պաստառներ և կոչեր: Հետևապես, համախմբվածության և մեկ բռունցք լինելու մասին դժվար կլինի խոսել: Միանգամայն հակառակ պատկերն է կայացած և ճանապարհ անցած մասնագետների հարցում: Վստահություն վայելող բարձրակարգ մասնագետների խոսքը հնչում է իբրև օբյեկտիվ իրականություն: Եվ վերջապես, պետք չէ մոռանալ նաև մրցակիցների միջև մարզչական դիմակայությունների կարևորությունը: Պետք է խոստովանել, որ հարց է, թե ինչ անակնկալներ կնախապատրաստի Հայաստանի հավաքականի մարզիչը մրցակիցների համար, տևական ժամանակ եղել է ավելի շատ հռետորական, քան գործնական հարց:

Բնականաբար, յուրաքանչյուր նշանակման պարագայում կարելի է մանրակրկիտ կշռադատել կողմ և դեմ փաստարկները: Այս դեպքում հավաքականը գլխավորեց ոչ էյֆորիկ տրամադրություն ստեղծող, ոչ հիասթափություն առաջացնող, բայց փոխարենը՝ հուսադրող և ընդհանուր լավատեսություն ներշնչող մասնագետ: Սկզբնակետը՝ լավատեսության կանխավարկածն է, իսկ ամփոփումը՝ պայմանագրի ավարտի ժամանակ:

Այդուհանդերձ, բացառապես իսպանացիներին նախընտրություն տալը կարող է ունենալ նաև իր խնդրահարույց դրվագները: Սա, իհարկե, այժմեական խնդիր չէ, բայցևայնպես, այն արհեստականորեն նեղացնում է հավաքականի մարզիչների թեկնածուների շրջանակը: Նույնանման մոտեցումը՝ բացառապես ազգությամբ հայ ընտրելու սկզբունքը նախորդիվ տարավ դեպի փակուղի: Իհարկե, իսպանացի մասնագետների քանակը և մակարդակը համեմատելի չեն հայերի հետ, բայց անվանի իսպանացիներ ներգրավելը նույնպես բարդ կլինի, իսկ ավելի ցածր աստիճանի վրա գտնվողների համեմատությամբ կարող են լինել ազգությամբ այլ և ավելի գերադասելի տարբերակներ: Այդ մասին կարող է վկայել այն հանգամանքը, որ բազմաքանակ իսպանացի մարզիչների շարքից, անձնական խնդիրների պատճառով ակտիվ մարզչական գործունեությունը կասեցրած, այլ աշխատավայրից, նաև հավաքականում աշխատանքի փորձ չունեցող մասնագետի ծառայություններից օգտվելը: Այստեղ, հավանաբար, իր դերը խաղացել է նաև ժամանակի սղությունը և ֆինանսական հարցերը, բայց հարցի էությունը դրանից էապես չի փոխվում: Այդպես, Խինես Մելենդեսի համար ընդունելի տարբերակ էր հայ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը տեղավորվում էր հռչակված իսպանական մոդել հասկացության մեջ: Հետևապես, կարող են լինել նաև այլազգի մասնագետներ, թեկուզև իսպանալեզու, բայց ոչ անպայման կաղապարված լինել իսպանացիներով:

Մարզիչը սպասվող ասուլիսների ժամանակ դեռ կհասցնի ներկայացնել իր ծրագրերը և տեսլականը: Վստահաբար կհնչեն Խոակին Կապարոսի առաջ դրված խնդիրները, որոնքը նախևառաջ կկապվի Ազգերի լիգայի հետ: Սակայն պետք է իրատես լինել և խոստովանել, որ Ազգերի լիգայի և ԱԱ-2022-ի ընտրական փուլի միջոցով ուղեգիր նվաճելը հավասարապես ու չափազանց բարդ կլինի իրականացնել: Հետևապես, մոտակա իրատեսական ռազմավարական թիրախը Եվրո-2024-ն է՝ ընտրական փուլով կամ ոչ այդքան խիստ Ազգերի լիգայով, իսկ հաջողության իրական հիմքերը պետք է դրվեն այսօր:

Այսպիսով, Խոակին Կապարոսին է վիճակված սևագործ աշխատանք կատարողի և հավաքականը կարգի բերելու գործը, նաև նոր մոտեցումներով սկիզբ առած տասնամյակի հիմնաքար դնողի դերը: Նա դա կանի իր համար՝ շարունակելով աշխատել նաև հետագայում, թե՝ հաջորդ մարզիչի համար, ցույց կտա ժամանակը: Եվ կրկին՝ կարևոր հանգամանք կլինի, թե ինչ կթողնի նա իր հեռանալուց հետո: Իսպանացին արդեն ազդարարել է, որ Հայաստան տեղափոխվելը նրա համար նոր մարտահրավեր է, իսկ Հայաստանի յուրահատուկ ջերմությանը հյուրերի հանդեպ նա դեռ նոր պետք է ծանոթանա:

Ֆուտբոլային նոր տասնամյակի մեկնարկի հրամայականն է՝ այլևս ազգային հավաքականը բացառապես բարձրակարգ մասնագետներին վստահելու անշրջելիությունը: Հետևաբար, նաև մերժելի է հավաքականները տվյալ պաշտոնին ակնհայտորեն չհամապատասխանող անձանց համար փորձատեղի դարձնելու արատավոր երևութը: Իսկ այն քաոսը, որը, մասնավորապես, վերջին երկու տարում կատարվում էր հավաքականի գլխավոր մարզիչների հարցում, ի սպառ բացառվի:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ

 




Լուրեր թեմայից