Լրահոս

Արթուր Դավթյան. Հայաստանի առաջնությանն ամբողջ ուժով չեմ մասնակցել

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում հաջող ելույթից հետո պատմել է, որ դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից:

«Վնասվածքի պատճառով դեկտեմբերից չէի մարզվում: Փետրվարին եմ վերսկսել մարզումներս և առաջնությանն ամբողջ ուժով չեմ մասնակցել: Շատ կարևոր տարի է, քանի որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին: Այժմ ինձ համար կարևորը լիարժեք ապաքինվելն է: Ավելի լավ է՝ մեկ-երկու մրցաշար բաց թողնեմ, բայց լավ մարզավիճակով հանդես գամ Օլիմպիական խաղերում»,- 27-ամյա մարմնամարզիկի խոսքը մեջբերում է ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված սպորտային մարմնամարզության տղամարկանց Հայաստանի առաջնությանը մասնակցել էին 50 մարզիկներ: Արթուր Դավթյանը հաղթել էր բազմամարտում, հենացատկում, պտտաձողի ու զուգափայտերի վարժություններում:

Օղակների վարժությունում լավագույնը Վահագն Դավթյանն էր, Հարություն Մերդինյանն ամենաուժեղն էր նժույգի թափերում, իսկ Նորայր Հովհաննիսյանը՝ ազատ վարժությունում: Արթուր Թովմասյանը և Արթուր Ավետիսյանը հանդես չեն եկել վնասվածքի պատճառով:

Ֆոտո՝ ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից