Լրահոս

Հակոբ Սերոբյան. Այս առաջնությունը տարբերվում էր նախորդներից

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել էին 50 մարզիկներ:

«Այս առաջնությունը տարբերվում էր նախորդներից, քանի որ այս անգամ շատ էին վնասվածք ունեցող մարզիկները: Բացի այդ, ավանդաբար Հայաստանի առաջնության արդյունքներով էինք որոշում, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, սակայն այս տարի եվրոպական ստուգատեսը Բաքվում է, և մենք չենք մասնակցելու: Այս ամենով պայմանավորված կար մրցակցության որոշակի պակաս:

Առաջնությանը թույլ ենք տվել մասնակցել կրտսեր սերնդի ներկայացուցիչներին: Շատ գոհ եմ երիտասարդների արդյունքներից, լավ երեխաներ ունենք: Օրինակ՝ տղամարդկանց բազմամարտում երրորդ մրցանակակիրը 13 տարեկան է: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին հավաքականի առաջատարներին փոխարինողներ կլինեն: Ինձ ուրախացնում է, որ լավ սերունդ ունենք: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանը կարող է հաջորդ Օլիմպիական խաղերում լուրջ հայտ ներկայացնել: Սա միայն իմ կարծիքը չէ, մի շարք բարձրակարգ մրցավարներ համակարծիք են»,- մարզիչի խոսքը մեջբերում է ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել բազմամարտում, հենացատկում, պտտաձողի ու զուգափայտերի վարժություններում: Օղակների վարժությունում լավագույնը Վահագն Դավթյանն էր, Հարություն Մերդինյանն ամենաուժեղն էր նժույգի թափերում, իսկ Նորայր Հովհաննիսյանը՝ ազատ վարժությունում:

Առաջիկայում մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում՝ պատրաստվելով Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Ֆոտո՝ ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից