Լրահոս

Ես սիրահարվեցի այս զարմանալի երկրին. Ամերիկահայ մարզուհու պատմությունը (ֆոտո)

Ամերիկահայ յոթնամարտիկ Էլիսոն Հալվերսոնը չէր էլ կարող պատկերացնել, որ կգա մի օր, և նա կհամալրի աթլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը: Նրա ուղին դեպի օլիմպիական փառք այժմ կարող է իրականություն դառնալ` շնորհիվ Հայաստանի օլիմպիական հավաքականում հանդես գալու: Հալվերսոնը ասում է, որ Օլիմպիական խաղերը նրա երազանքն են եղել, երբ նա դեռ 12 տարեկան էր:

«Երբ դրսում ֆուտբոլ էի խաղում, բոլորը վազում էին իմ հետևից և հարցնում՝ երբ եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին: Նրանք համոզված էին դրանում, և ուղղակի անհամբերությամբ սպասում էին այդ օրվան: Ընկերներս և ընտանիքս հավատում էին ինձ: Ես էլ նրանց շնորհիվ սկսեցի հավատալ սեփական ուժերիս»,- նշել է մարզուհին:

044.jpg (59 KB)

Հալվերսոնն այնքան էլ լավ չէր վերաբերվում այն մարզիկներին, ովքեր փոխում էին իրենց քաղաքացիությունը: Սակայն, տեսնելով, որ ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականում կա ընդամենը երեք ուղեգիր, որից երկուսը, ամենայն հավանականությամբ, կնվաճեն Էրիկա Բուգարդը և Կենդալ Ուիլյամսը, նա որոշեց ընտրել այլ երթուղի և գալ Հայաստան: Էլիսոն Հալվերսոնի մայրը զտարյուն հայ է (օրիորդական ազգանունը Ստեփանյան է, իսկ հոր ազգանունը Ռիզեր է): Մարզուհին ամուսնացած է ամերիկացի Նիկ Հալվերսոնի հետ և վերցրել է ամուսնու ազգանունը: Նրանց սիրո պատմությունը շատ գեղեցիկ է:

«Միշտ երազում էի, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում կհայտնվեմ լավագույն եռյակում և կնվաճեմ ուղեգիրը, բայց երբ տեսա, որ օլիմպիական ստանդարտները բարձրացվել են, հասկացա՝ նույնիսկ եթե լավագույն եռյակում հայտնվեմ, երաշխիք չի լինի, որ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին: Մտածեցի, որ իմ հնարավորությունները կօգտագործեմ այլ երկրի համար»,- ասել է Հալվերսոնը:

Թողնելով ԱՄՆ-ի թիմը, որը մարզուհին լավագույնն է համարում աշխարհում, որոշեց մոր հետ դիմել Գլենդեյլի Հայաստանի դեսպանատուն Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով: Սա առաջին լուրջ քայլերից էր, որ մարզուհին արեց իր երազանքին հասնելու համար:

05.jpg (105 KB)

«Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց միշտ մտածել եմ այդ երկրի քաղաքացիության մասին: Երբ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին հայտնեցի, որ մայրական կողմից հայ եմ և ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում, նա ասաց, որ ամեն ինչ կանի, որպեսզի ստանամ հայկական անձնագիր և վարկանիշային մրցումների մասնակցեմ Եվրոպայում»,- նշել է 27-ամյա մարզուհին:

Հայաստան ժամանելուն պես Էլիսոն Հալվերսոնը ստացել է ՀՀ անձնագիրը և իր ֆեյսբուքյան էջում կիսվել տպավորություններով:

«Ես պաշտոնապես ՀՀ քաղաքացի եմ: Սա իմ ամենահպարտ նվաճումներից մեկն է: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները բախվել են երկրի վրա երբևէ գոյություն ունեցող ամենաբարդ ժամանակաշրջաններին: Նրանցից շատերը մահացել են անհավատալի կերպով, բայց պապս կարողացել է խուսափել Հայոց ցեղասպանությունից` երիտասարդ աղջկա հագուստով ու նավակով լողալով հասնելով Էլիս կղզի, որտեղ գործում էր ԱՄՆ-ի ներգաղթյալների ընդունման ամենամեծ կենտրոնը: Առանց իմ նախնիների զոհողությունների և քաջության, ես այսօր այստեղ չէի լինի: Ես սիրահարվեցի այս զարմանալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին: Շատ ուրախ կլինեմ տեսնել, թե Հայաստանին և ինձ ապագայում ինչ է սպասվում»,- գրել է Հալվերսոնը:

Այժմ մարզուհին պետք է սպասի Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի թույլտվությանը: Էլիսոնը հույս ունի, որ տեղափոխման հարցը նույնպես արագ կլուծվի, և ինքը հնարավորություն կունենա պայքարելու Տոկիո-2020-ի 24 օլիմպիական ուղեգրերից մեկի համար: Մարզուհին յոթնամարտում իր լավագույն արդյունքը գրանցել է 2018թ. մայիսի 27-ին Ավստրիայի Գյոթցիս քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում և միավորնրի քանակը հասցրել 6144-ի: Իսկ Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կանանց յոթնամարտի մրցաշարին մասնակցելու համար սահմանված ստանդարտը 6420 միավորն է:

Վերոնիկա Բեկնազարյան

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

🔈sound on . When the crowd goes wild at high jump practice 😂👏🏼

A post shared by Allison Halverson (@alli_sun_run) on




Լուրեր թեմայից