Լրահոս

NHL-ում սահադաշտի աշխատակիցը փոխարինել է դարպասապահին և դարձել խաղի հերոս

Ուշագրավ դրվագ է գրանցվել «Կարոլինա Հարիքեյնզի» և «Տորոնտո Մեյփլ Լիպսի» միջև Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության խաղում:

Հանդիպման սկզբնամասում «Կարոլինա Հարիքեյնզը» կորցրել է հիմնական դարպասապահին: Ջեյմս Ռեյմերը բախվել է թիմակցի հետ և վնասվածք ստացել։ 20 րոպե անց «Հարիքեյնզը» զրկվել է նաև երկրորդ դարպասապահից, որը նույնպես հեռացել է սահադաշտից՝ բախվելով մրցակցի խաղացողի հետ։

NHL-ի կանոնադրության համաձայն՝ նմանատիպ դեպքերում դարպասապահի դերում սահադաշտ կարող է մտնել կողմնակի անձ, որն ընդգրկված չէ թիմերից որևէ մեկում։

Տվյալ դեպքում այդ գործառույթը տրված էր սահադաշտը վերականգնող մեքենայի վարորդ, նախկին հոկեյիստ Դեյվ Էյրսին, որը 15 տարի առաջ երիկամների փոխպատվաստման պատճառով չի կարողացել շարունակել կարիերան։

Անուամենայնիվ, սահադաշտի 42-ամյա աշխատակիցը հենց ստադիոնում 500 դոլարի դիմաց մեկ խաղով պայմանագիր կնքեց «Հարիքեյնզի» հետ, որն այդ խաղում հաղթեց 6։3 հաշվով։ Ընդ որում՝ Էյրսը նշանակալի ներդրում ունեցավ այդ հաղթանակում, քանի որ հետ մղեց դեպի դարպասը կատարված 10 հարվածներից 8-ը։

Հատկանշական է, որ այդ հանդիպումից հետո Հյուսիսային Կարոլինայի նահանգապետը խոստացել է դարպասպահին շնորհել նահանգի պատվավոր քաղաքացու կոչումը։




Լուրեր թեմայից