Լրահոս

Ռոբերտսոնը զղջում է Մեսիի նկատմամբ իր արարքի համար

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը վերհիշել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ ունեցած կոնֆլիկտը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան խաղի (4:0) ժամանակ։ 25-ամյա շոտլանդացին դրվագներից մեկում հարվածել էր արգենտինացի հարձակվողի գլխին։

«Հիշելով այդ հանդիպումը՝ ես զղջում եմ միայն Մեսիի հետ բախման համար։ Ես շատ եմ հարգում նրան և «Բարսելոնային»։ Այդ երեկո մեզանից պահանջվում էր հրաշք գործել, բայց ես շոկի մեջ էի, երբ տեսա տվյալ դրվագի կրկնությունը։ Ֆաբինյոյի հետ գրոհեցինք Մեսիին, մեր ոտքերը միահյուսվեցին, ինչի պատճառով ընկանք խոտածածկի վրա։ Այդպես վարվել պատմության լավագույն ֆուտբոլիստի նկատմամբ․ ․ ․ Հնարավոր է՝ ես բոլոր սահմաններն անցա»,- Ռոբերտսոնի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ լիվերպուլցիներն առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել էին «Բարսելոնային» 0։3 հաշվով, սակայն պատմական «քամբեքի» շնորհիվ նվաճեցին եզրափակիչի ուղեգիր։ Յուրգեն Կլոպի սաները եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասան Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ և պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։




Լուրեր թեմայից