Լրահոս

Գոռ Մինասյան. Լավագույնների թվում ընդգրկվելը մեծ արժեք ունի

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին:

«Տարվա լավագույն մարզիկների թվում ընդգրկվելը մեծ արժեք ունի մեզ համար, քանի որ գիտես, որ քո երկրում ամենալավագույնների շարքում ես:

Նոր մրցաշրջանի սկզբում կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, որը մեզ համար վարկանիշային է: Մայիսին վերջնական հաշվարկներից հետո պարզ կլինի, թե քանի տեղ կունենանք Օլիմպիական խաղերում և ովքեր են մեկնելու Տոկիո: Երիտասարդները պետք է տեսնեն, թե ինչ արդյունքների ենք հասնում, ոգևորվեն և շարունակեն մեր գործը:

Յուրաքանչյուր մարզիկի ձգտած միակ բարձունքն օլիմպիական ոսկե մեդալն է: Հիմա ամեն ինչ արվում է դրա համար, որպեսզի Տոկիոյում ունենանք այդ ոսկին:

Ես երբեք խոստումներ չեմ տալիս, բայց ամեն ինչ անում եմ Լաշա Տալախաձեին գերազանցելու համար: Իմ արդյունքներն ապացուցում են, որ ամեն մրցաշարից հետո նոր կիլոգրամներ եմ բարձրացնում:

Թիմում վնասվածքներ չկան, և մենք ամենամարտական թիմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,- նշել է գյումրեցի ծանրորդը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում փետրվարի 21-ին տեղի ունեցած պարգևատրման արարողությունում 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին պարգևատրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆոտո՝ Gov.am




Լուրեր թեմայից