Լրահոս

Արթուր Ալեքսանյան. Ուշադրությունը շատ կարևոր է մարզիկների համար

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Ամեն տիտղոս իր տեղն ունի: Արդեն չեմ հիշում, թե որերորդ անգամ եմ ընդգրկվում տարվա 10 լավագույն մարզիկների թվում: Ինձ համար ամեն անգամ պատիվ է լինել մեր երկրի լավագույն մարզիկների շարքում, քանի որ մեր երկիրը սպորտային երկիր է: Ուշադրությունը շատ կարևոր է մարզիկների համար: Մարզիկը պետք է զգա, որ ուշադրության կենտրոնում է նաև վարչապետի ու նախագահի կողմից: Դա պարտավորեցնող է:

Ես միշտ նշել եմ, որ ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդն ու ազգը: Խոստումներ տալ չեմ սիրում, և մրցումներից առաջ էլ ոչինչ չեմ խոստանում: Միշտ ասել եմ, որ կձգտեմ և ինձանից կախված ամեն ինչ կանեմ կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալու համար»,- ասել է գյումրեցի ըմբիշը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում փետրվարի 21-ին տեղի ունեցած պարգևատրման արարողությունում 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին պարգևատրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկներին պետությունն այսուհետ կպարգևատրի 5-ական միլիոն դրամով:

2019 թվականի 10 լավագույն մարզիկները

Ալեքսանյան Արթուր, հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն

Ալեքսանյան Ռուբեն, ծանրամարտ, աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնություն բրոնզե մեդալակիր

Ավետիսյան Արթուր, սպորտային մարմնամարզություն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Բաչկով Հովհաննես, բռնցքամարտ, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի մեծահասակների առաջնության 3-րդ տեղ

Գալստյան Սլավիկ, հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի մեծահասակների առաջնության 3-րդ տեղ

Կիրակոսյան Տիգրան, սամբո, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն

Հարությունյան Արսեն, ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն

Մարտիրոսյան Սիմոն, ծանրամարտ, աշխարհի մեծահասակների առաջնության չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն

Մինասյան Գոռ, ծանրամարտ, աշխարհի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն

Մկրտչյան Հակոբ, ծանրամարտ, աշխարհի մեծահասակների առաջնության չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն

Ֆոտո՝ Gov.am




Լուրեր թեմայից