Լրահոս

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի իսպանական կրքերը․․․

M
Mmy Mood
կայքում

Հայկական մարզական իրականության մեջ ինտրիգները շատ չեն, լինելուց էլ՝ հիմնականում ֆուտբոլում են։

Սակայն նախորդ տարվանից շատ ինտրիգային է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առօրյան, որտեղից 20 տարվա աշխատանքից հետո հեռացավ հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը։

Այսօր աչքովս ընկավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ Տոկիո-2020-ին են պատրաստվելու Արթուր Ալեքսանյանը (դե պարզից էլ պարզ էր) և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։

Հետաքրքիր է ֆեդերացիան կամ հենց Արսեն Ջուլֆալակյանը տեղյակ էին այս որոշման մասին մինչև հայտարարությունը։ 

Հատկանշական է, որ մարզչական խորհրդում ներգրավված է նաև Սամվել Գևորգյանը, որը Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչն է կամ էր։ Հետաքրքիր է, թե նա ինչ կարծիք է հայտնել կամ կհայտնի այս հարցի շուրջ։

Մինչև ԵԱ-ն խոսակցություններ էին շրջանառվում, որ Արսեն, թե Կարապետ հարցի պատասխանը կտա միջազգային մրցաշարը կամ, գուցե, գոտեմարտեն։ Այժմ այլ բան է ստացվում։

Մարզիչները կարող են հստակ պատասխան տալ՝ ով նվաճել է ուղեգիրը, նա էլ գնում է։

Մարզչական խորհուրդը Կարապետ Չալյանի անունը ցանկանում էր հայտարարել դեռևս Հռոմ մեկնելուց առաջ, սակայն չշտապեցին, սակայն ինչ-որ տեղ շտապեցին և չսպասեցին ասուլիսին, որը կայանալու է փետրվարի 20-ին։

Հետաքրքիր է, որ այս հարցին անգամ ըմբիշներն են խառնվում։ Հաջիմուրադ Գացալովին ներկայացնելու ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ով կգնա Տոկիո-2020, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պատասխանեց․ «Պարզ չի, որ Կարոն պիտի գնա»։

Իսպանական կրքերն ավելի են թեժանալու առաջիկա վարկանիշային մրցումներից հետո։ 67 կգ քաշային կարգում առաջին վարկանիշային մրցմանը, որն անհամեմատ ավելի բարդ է, գնալու է 63 կգ քաշային կարգում 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի չեմպիոն Սլավիկ Գալստյանը, իսկ այս քաշային կարգում բրոնզե մեդալ և ստաբիլ ելույթներ է ունենում Կարեն Ասլանյանը, ում անձնական մարզիչը արդեն վերը նշված մարզչական խորհրդի անդամ, հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանն է։

Մեծ հարցականի տակ է 87 կգ քաշային կարգում ուղեգիր ունենալ-չունենալը, քանի որ այդ քաշային կարգում ամրապնդված Մաքսիմ Մանուկյանը չի ուրախացնում իր ելույթներով, համենայդպես, գորգում։

Մի բան հստակ է, յուրաքանչյուր ինտրիգից, տուժում են միայն մարզիկները։

Հ․Գ․ ԵԱ-ում նվաճած 4 մեդալները շատ մեծ խնդիրների վրա աչք փակել տվեցին, բայց դա ժամանակավոր է։

Ամոթ է նաև այն, որ մինչև մեր ըմբիշները պատվո հարթակին ամեն մեկն իր ունեցած մարզահագուստն էր հագել, Կարեն Ասլանյանի մարզահագուստն էլ մի քանի անգամ հագով մեծ էր։  Ու՞ր է նայում նախարարությունը։

Դափնիները կախելու համար հերթ կանգնելը հեշտ է։

Ի դեպ, արդեն փետրվարի 18-ն է, իսկ ըմբիշները այս տարի դեռևս պետական աշխատավարձները չեն ստացել։ Ինչպես նաև 2019 թվականի վերջում, երբ ստացան միանգամից 2 ամսվա աշխատավարձ։ Իսկ նրանց մեծ մասն ունեն այդ գումարների կարիքը։