Լրահոս

Արսեն Հարությունյան. Այս առաջնությունը շատ բան սովորեցրեց ինձ (ֆոտո)

Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունում միակ պարտությունս կապված էր տակտիկական սխալների հետ: Գիտակցում եմ՝ ռուս ըմբիշից թույլ չէի, ուղղակի սխալ մարտավարություն էի ընտրել: Այս մասին TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում Հռոմից ասաց 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը բրոնզե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

«Այս տարվա Եվրոպայի առաջնությունը շատ բան սովորեցրեց ինձ: Շատ իրողություններ հաղթահարեցի ներսումս, ինչը, միանշանակ, ինձ վստահություն է հաղորդում: Առաջին գոտեմարտից սկսած գորգում ինձ շատ ազատ էի զգում: Ամեն ինչ խաղի էի վերածել, ու փորձում էի մրցակիցներիս թելադրել իմ խաղի կանոնները: Այդ պատճառով, հանգիստ գոտեմարտում էի և, ընդհանրապես, չէի հոգնում: Պարզապես հաճույք էի ստանում բոլոր գոտեմարտերից: Մարզիչներիս շնորհիվ շատ լավ մարզավիճակում էի»,- ասաց հայ ըմբիշը:

Արսեն Հարությունյանը պատմեց, որ կիսաեզրափակիչում կրած պարտությունը տակտիկական սխալների պատճառով էր: Նա շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, սակայն ռուս Ալեքսանդր Բոգոմոևի հետ գոտեմարտում հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին:

«Ռուս ըմբիշի դեմ գոտեմարտը բարդ ստացվեց: Կարծում եմ՝ պարտվել եմ նրան տակտիկական սխալներիս պատճառով: Գիտակցում եմ՝ նրանից թույլ չէի, ուղղակի սխալ մարտավարություն էի ընտրել: Գոտեմարտի ընթացքում արդեն իսկ հասկացել էի սխալս: Մնացել էր ընդամենը մի քանի վայրկյան, փորձեցի հաղթական հաշիվը պահել, սակայն չկարողացա և պարտվեցի: Եթե շարունակեի խաղս ցույց տալ, այդպիսի վերջաբան չէր լինի: Մարզիչների օգնությամբ կաշխատեմ ուղղել սխալներս»,- ասաց Հարությունյանը:

20-ամյա ըմբիշի խոսքով՝ Գեորգիոս Պիլիդիսի դեմ բրոնզե մեդալի համար գոտեմարտը շատ սկզբունքային էր իր համար, քանի որ նախկինում մի քանի անգամ պարտվել էր Հունաստանի ներկայացուցչին:

«Այս տարվա Եվրոպայի առաջնությունում միավորներ միայն ռուս ըմբիշին եմ տվել, նաև փորձում էի մրցակիցներիս հաղթել մեծ առավելությամբ: Ինչ վերաբերում է հույն ըմբիշի դեմ հանդիպմանը, կասեմ՝ շատ կարևոր և սկզբունքային գոտեմարտ էր ինձ համար: Շատ էի լարվել, որովհետև պատանի ժամանակ մասնակցածս տարբեր մրցաշարերում նրան պարտվել եմ: Ինձ հետ գոտեմարտելուց միշտ շարժվում էր իմ խաղային ռիթմով, խաբում էր և պարտվում էի: Հոգեբանորեն կաշկանդված էի, ինձ համար շատ կարևոր էր, որ կարողանայի հաղթել նրան, քանի որ ուզում էի ուժերիս վրա ավելի վստահ լինել: Պետք է զգայի, որ նույն դիրքում չեմ մնացել և գոնե մեկ քայլ առաջ եմ անցել: Չորս տարի նրա հետ գոտեմարտ չէի անցկացրել: Արդյունքում՝ ճիշտ քայլեր շնորհիվ շատ միավորներ հավաքեցի և ինձ հաջողվեց նվաճել բրոնզե մեդալը: Մարզիչներն ինձ ասացին, որ նրա հետ գոտեմարտելիս գորգում ավելի հասուն տեսք ունեի: Ուրախալի էր լսել այդ խոսքերը: Հասկացա՝ այլևս պետք չէ հետ նայել, պետք չէ կենտրոնանալ այն բանի վրա, թե երկու-երեք տարի առաջ կամ երեկ ում ես պարտվել: Ճիշտ աշխատանքի և շատ մարզումների շնորհիվ կարելի է հասնել լավ արդյունքի: Օր օրի փորձելու եմ ավելի ուժեղանալ»,- ասաց խոսքը եզրափակեց Արսենը:

Հիշեցնենք, որ ԵԱ-ում 20-ամյա Արսեն Հարությունյանն անցկացրեց 4 գոտեմարտ և տարավ 3 հաղթանակ: 10 ըմբիշով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկ բրոնզե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի առաջնությունում:

ԵԱ. Արսեն Հարությունյանի բոլոր գոտեմարտերը՝ տեսանյութով

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից