Լրահոս

ԵԱ․ Արսեն Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) հաջող մեկնարկեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Որակավորման փուլում Հարությունյանը 6։0 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Վլադիմիր Եգորովի նկատմամբ։

Մարզպետ Գալստյանը (92 կգ) նույնպես հաղթահարեց որակավորման փուլի արգելքը։ Հայ ըմբիշը 15։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ։

Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ)։

Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Մխեյանը (70 կգ), որը հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, առաջին սփոփիչ մենամարտում 12։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելառուս Վիկտոր Սերադայի նկատմամբ։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում նա կմրցի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Մխեյանը որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից, որը դուրս էր եկել եզրափակիչ։

Փետրվարի 14-ին պայքարը սկսել էին Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որոնք պարտություն են կրել։ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) պարտություն էր կրել կիսաեզրափակիչում և փետրվարի 15-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի սերբ Մատիա Մացիչի հետ:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:




Լուրեր թեմայից