Լրահոս

ԵԱ․ Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Մխեյանը (70 կգ) Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Հայ ըմբիշը, որը որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից, փետրվարի 15-ին սփոփիչ գոտեմարտ կանցացնի, քանի որ նրա մրցակիցը դուրս է եկել եզրափակիչ։

Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանի մրցակիցը կլինի բելառուս Վիկտար Սերադան։ Հաղթանակի դեպքում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ։ Այստեղ նույնպես հաջողության հասնելու դեպքում Մխեյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլդովացի Միխայիլ Սավայի հետ։

Փետրվարի 14-ին պայքարի մեջ էին մտել նաև Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որոնք պարտություն են կրել։ Միհրան Ջաբուրյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչում և փետրվարի 15-ին կանցկացն բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ։

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթեց սլովակ Դավիդ Հաբատին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց լեհ Կշիշտոֆ Բիենկովսկուն:

Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկեց1/8 եզրափակիչից, որտեղ լարված պայքարում 7:5 հաշվով հաղթահարեց մոլդովացի Գեորգի Պասկալովի արգելքը: Քառորդ եզրափակիչում Ավագյանը մրցեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովի հետ և պարտվեց 4:8 հաշվով:

1/8 եզրափակիչից պայքարը սկսած Սարգիս Հովսեփյանը (97 կգ) 0:5 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն։

Միհրան Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:4 հաշվով դժվարին հաղթանակ էր տարել Բելառուսը ներկայացնող Դիմչուկ Ռինչինաուի նկատմամբ։ Երկրորդ գոտեմարտում Ջաբուրյանը 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 3։6 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին։

Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ին մեկնել են նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս 10 ըմբիշով էր մեկնել մրցավայր և 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) առաջին անգամ արժանացավ նման պատվի: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:

Ֆոտո՝ ՀԱՕԿ




Լուրեր թեմայից